«Միկրոպրոցեսորի հայր» Ֆեդերիկո Ֆաջինին շնորհվել է ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում

Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ) է այցելել առաջին միկրոպրոցեսորի նախագծող, Synaptics ընկերության պատվավոր նախագահ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2012թ. մրցանակի դափնեկիր Ֆեդերիկո Ֆաջինը:

Ինչպես հաղորդում են համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժնից, ի արժևորումն տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում Ֆեդերիկո Ֆաջինի համաշխարհային ակնառու ներդրման և ի նշանավորումն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան կատարած նրա այցելության` բուհի գիտական խորհրդի որոշմամբ Ֆեդերիկո Ֆաջինին շնորհվել է ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում:

«Արդեն ավանդույթ է դարձել ճարտարագիտական համալսարանի հարկի ներքո հյուրընկալել համաշխարհային այնպիսի անձնավորությունների, որոնք նշանակալից ներդրում ունեն տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման գործում: Պոլիտեխնիկի պատվավոր դոկտորների շարքում են ինչպես Հայաաստանի գիտնականներն ու գործիչները, ովքեր մեծ ավանդ ունեն համալսարանի զարգացման հարցում, այնպես էլ օտարերկրացի այն գիտնականները, որոնց աշխատանքները համաշխարհային գիտական կյանքում մեծ արժեք են ներկայացնում»,- ասել է ՀՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արա Ավետիսյանը:

Նա համառոտ ներկայացրել է համալսարանի գործունեությունը` հիմնականում շեշտը դնելով վերջին տասնամյակում համալսարանի զարգացման ծրագրերի և ՏՏ ոլորտում կատարած գիտական ու նորարարական աշխատանքների վրա:

Այցի շրջանակում «միկրոպրոցեսորի հայր» Ֆեդերիկո Ֆաջինը հանդես է եկել մասնագիտական արժեքավոր դասախոսությամբ, որը նվիրված էր տրանզիստորների, դրանց կառուցման տեխնոլոգիաների ներկային ու առաջիկա 60 տարվա կանխատեսումներին և դրանից կախված նոր տեսակի համակարգիչների ստեղծմանն ու կառավարմանը, ինչպես նաև այդ գործում կենսատեխնոլոգիաներին վերապահված մեծ դերին, որը հանգեցնի տեխնոլոգիական նոր հեղաշրջման:

Իր ելույթում Ֆեդերիկո Ֆաջինը շնորհակալություն է հայտնել համալսարանին իր գործունեության գնահատման և ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչմանն արժանացնելու համար` նշելով, որ մեծ հաճույքով կրկին կգա Հայաստան` հանդիպելու և իր փորձով կիսվելու ՏՏ ոլորտի զարգացումների և նորարարական գաղափաների մասին ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ:

«Կարծում եմ` Հայաստանը զարգացման ճիշտ ընթացք է ընտրել: Այս հարցում ես կարևորում եմ ՏՏ ընկերությունների և կրթական հաստատությունների հետ համագործակցությունը, ինչն արդեն նկատելի է այստեղ: Հայաստանում ես հանդիպեցի բազմաթիվ տաղանդաշատ մարդկանց, ովքեր պատրաստ են արձագանքել անընդհատ զարգացող տեխնոլոգիաներին, իսկ դա ցանկացած երկրի նորարարական միջավայրի զարգացման կարևոր նախապայմանն եմ համարում»,- ասել է Ֆեդերիկո Ֆաջինը:

Մեկնաբանել