Իվանիշվիլին հրաժարվել է Սաակաշվիլիի իմփիչմենթից

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, որը կառավարությունը գլախվորում է խորհրդարանական ընտրություններից և «Վրացական երազանք» դաշինքի հաղթանակից հետո, հայատարարել է, որ իր թիմը մտադիր չէ իմփիչմենթ հայտարարել երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, սակայն ծրագրում է արագացնել խորհրդարանի ու կառավարության ղեկավարի լիազորությունների ընդլայնումը, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։

«Իմփիչմենթ չի լինի»,- ասել է Իվանիշվիլին՝ միաժամանակ նախազգուշացնելով, որ «ոչ ոք չզարմանա», երբ «սկսվեն Սահմանադրության փոփոխման իրավական գործընթացներ»։

Ըստ նրա՝ խոսքը նախքան նախագահական ընտրությունները Սահմանադրության այն հոդվածների կիրարկման մասին է, որոնք ընդլայնում են խորհրդարանի և վարչապետի լիազորությունները և համապատասխանաբար՝ կրճատում են նախագահինը։

Համաձայն Սահմանադրությունում նախկինում ընդունված փոփոխությունների՝ երկրի հիմնական օրենքի այդ հոդվածները պետք է ուժի մեջ մտնեն նախագահական հերթական ընտրություններից հետո։

«Խորհրդարանական մեծամասնությունը կարող է ընդունել փոփոխություններ, որպեսզի նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնի ավելի շուտ»,- ասել է Իվանիշվիլին։

Նախագահական ընտրությունները, նրա խոսքով, տեղի կունենան համապատասխան Սահմանադրության՝ 2013թ․ հոկտեմբերին։

«Սահմանադրությունում փոփոխությունների մտցնումը նորմալ գործընթաց է, սակայն դա տեղի չի ունենա այնպես, ինչպես նախկին իշխանության օրոք»,- ասել է Իվանիշվիլին։

Նա նշել է, որ բոլոր նախագծերը մանրամասն մշակվելու են, ու Սահմանադրությունում փոփոխությունների նախապատրաստման համար Վրաստան են հրավիրվելու ամերիկացի և եվրոպացի փորձագետներ։

Հիշեցնենք, որ Վրաստանում այս տարվա հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթեց «Վրացական երազանք» դաշինքը միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ։ «Ազգային միասնական շարժումը», որն իշխող էր 2003թ․ Վարդերի հեղափոխությունից հետո, ընդդիմություն դարձավ։ Հոկտեմբերի 25-ի լիագումար նիստին խորհրդարանը վստահություն հայտնեց կառավարությանը Իվանիշվիլիի գլխավորությամբ։ Այժմ երկրում խորհրդարանական մեծամասնությունն ու նախարարների կաբինետը «Վրացական երազանքի» ներկայացուցիչներն են, իսկ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների մեծ մասն ու պետական մի շարք կառույցների ղեկավարները՝ «Ազգային միասնական շարժմանը»։

Մեկնաբանել