Սանկտ Պետերբուրգում հանդիպել են ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի խորհրդարանականները

Այսօր Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների մասնակցությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, որին հայկական կողմից մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, հաղորդում են ԱԺ մամուլի ծառայությունից:

ՀԱՊԿ անդամ-պետությունների հավաքական անվտանգության ապահովման խնդիրների լուծման գործում ՀԱՊԿ ԽՎ-ի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի փոխգործակցության մասին թեմայով զեկույցով հանդես է եկել ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:

Օրակարգային հաջորդ`ՀԱՊԿ ընթացիկ գործունեության մասին և 2012թ. ՀԱՊԿ դեկտեմբերյան նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների, Աֆղանստանից կոալիցիոն ուժերի դուրսբերման հետևանքերի, ինչպես նաև իրավիճակի հնարավոր սրման դեպքում անվտանգության համակարգի ամրապնդման օրենսդրական և կազմակերպչական միջոցների մասին զեկույցներով հանդես են եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Մտքերի փոխանակությանը մասնակցել և քննարկվող հարցերի շուրջ իրենց տեսակետներն են ներկայացրել մասնակից անդամ-պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարները:

ԱՊՀ ՄԽՎ շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ղազախստանի Սենատի նախագահ Կայրաթ Մամիի հետ: Պարոն Մամին շնորհավորել է Աժ նախագահին վերընտրության առիթով` նշելով, որ միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը մեծապես կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, այս համատեքստում շեշտելով, որ Հայաստանը Ղազախստանի համար կարևոր գործընկեր է: Պարոն Մամին նշել է, որ երկու երկրների բարեկամական հարաբերությունների խորացման գործում կարևոր դեր ունի նաև հայ համայնքը. Ղազախստանում ապրում է մոտ 30 հազ. հայեր:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարևորել է հարաբերությունների զարգացման նոր հնարավորությունների օգտագործմամբ գործուն կապերի մեխանիզմների ձևավորումը և միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը: Նա նշել է, որ երկու երկրների միջև ստորագրված մոտ 30 համաձայնագրերը լավ հիմք են` զարգացնելու փոխգործակցությունը տարբեր ուղղություններով:

Երկուստեք կարևորվել է համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում, փոխգործակցությունը խորհրդարանների հանձնաժողովների և բարեկամության խմբերի մակարդակով: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ղազախստանի Սենատի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: