Չեխ քաղաքական գործիչների հեռախոսահամարները հայտնվել են ինտերնետում

Չեխական Ztohoven արտ խմբի ակտիվիստները ինտերնետում տեղադրել են չեխ քաղաքական գործիչների բջջային հեռախոսահամարները, հաղորդում է Lidovky.cz պորտալը։

Հրապարակվել են Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի, վարչապետ Պետր Նեչասի, ֆինանսների նախարար Միրոսլավ Կալոուսեկի, ինչպես նաև մի շարք այլ քաղաքական գործիչների ու պատգամավորների հեռախոսահամարները։

Խմբի անդամներից մեկը հայտարարել է, որ իրեն հետաքրքիր է, թե Չեխիայի քաղաքացիներն ինչպես կօգտագործեն իրենց տրամադրված տեղեկատվությունը։ Նրանց կարծիքով՝ իրենք մարդկանց առաջարկել են «ժողովրդավարության ամենաուղիղ տարբերակը»։

Քաղաքական գործիչների հեռախոսահամարները հայտնվել են նաև պաստառի տեսքով։ Պաստառի կողքին տեղադրված է հեռախոս, որից յուրաքանչյուրը կարող է անանուն հաղորդագրություն ուղարկել քաղաքական գործիչներին։

Ztohoven արտ խումբը նախկինում էլ է իրականացրել աղմկոտ ակցիաներ։ 2012թ․ ամռանը նրանք ավելի քան 550 հաղորդագրություն էին ուղարկել խորհրդարանի անդամներին ու չեխ այլ քաղաքական գործիչներին իրենց իսկ գործընկերների անուններից՝ «բարոյական բարեփոխման» կոչով։

Մեկնաբանել