Արմենակ Դովլաթյանը ինքնաբացարկ է հայտնել

Դեկտեմբերի 2-ն Երևանի թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով կայանալիք խորհրդարանական լրացուցիչ ընտրություններում առաջադրված Կանաչների կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Արմենակ Դովլաթյանը ինքնաբացարկ է հայտնել:

Արմենակ Դովլաթյանի տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Հարգելի հայրենակիցներ, թիվ 1 (Ավան, Ավան Առինջ, Նոր Նորքի 2-րդ զանգված) ընտրատարածքի ընտրողներ, համակիրներ, կուսակցական ընկերներ: Քիչ առաջ ես ներկայացրել եմ դիմում` դեկեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական կարգով արտահերթ ընտրություններին մասնակցության իմ ինքնաբացարկի մասին:

Այն հնարավորությունները, որոնք կային այդ տարածքում ընտրությունների մասնակցելու և հաղթելու համար, մնում են ուժի մեջ, սակայն կան որոշ հանգամանքներ, որոնք ինձ և իմ ընկերներին ստիպեցին առժամանակ չմասնակցել ընտրություններին:

Հայտնում եմ իմ շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր այս վերջին օրերին աջակցել են և պատրաստ էին աջակցել ինձ, ընտրարշավի ընթացքում:

Ներողություն եմ հայցում բոլոր նրանցից, ովքեր պատրաստ էին քվեարկել և պաշտպանել իմ թեկնածությունը դեկտեմբերի 2-ին սպասվող ընտրություններին: Ուզում եմ նշել, որ Աժ պատգամավորի մանդատը ինձ և իմ կուսակցական ընկերների, ինչպես նաև համախոհների համար գերնպատակ չէր: Ապացույցը 2012թ. մայիսին տեղի ունեցած Աժ ընտրությունների ժամանակ ՀԱԿ համամասնական ցուցակի վերջում ինքնակամ գրանցվելու փաստն է:

Իմ կուսակցական ընկերների և աջակիցների հետ հարցը քննարկելուց հետո այսօր որոշեցինք մեր ունեցած հնարավորությունները և ռեսուրսները խնայել, առաջիկայում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին ընդդիմադիր թեկնածուի օգտին ներդնելու նպատակով: Միաժամանակ որոշեցինք չխանգարել նույն ընտրատարածքում առաջադրված «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանին` մայիսին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ նրա կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակով»:

Թիվ 1 ընտրատարածքում բացի Ստյոպա Սաֆարյանից` իրենց թեկնածություններն են առաջադրել ՀՀԿ թեկնածու Ռոբերտ Սարգսյանը, որը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է և ինքնաառաջադրված, ՀԺԿ ներկայացուցիչ Էդուարդ Պետրոսյանը:

Մեկնաբանել