Կառավարությունը հիշել է հարկային դաշտի թերությունների մասին

Տարեվերջյան սովորույթի համաձայն՝ կառավարությունն առաջարկում է բարեփոխել հարկային դաշտը։ Գործադիրը Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնելու 16 օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու հարկային փաթեթ։ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ կառավարությունը հակված է, որ փաթեթը ԱԺ-ի կողմից արագ ընդունվի, թեև մինչև հաջորդ քառօրյա չի նախատեսում արտահերթ նիստ հրավիրել։ Հարկային փաթեթը, նախարարի վստահեցմամբ, ուղղված է բիզնես միջավայրի բարելավմանը, մասնավորապես՝ փոքր և միջին բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը։ Ընդ որում՝ այն բյուջեի վրա չեզոք ազդեցություն է ունենալու։

Երեկ կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ օրենսդրական փաթեթով կարգավորվող խնդիրները բավական երկար և բուռն քննարկվել են հասարակական կազմակերպությունների, ձեռներեցների միության հետ, փոքր և միջին բիզնեսի խորհրդում։ «Փաթեթում կան բազմաթիվ դրույթներ, որոնց բիզնեսը երկար էր սպասում։ Այժմ մենք կատարում ենք օրենսդրության այս արմատական փոփոխությունները։ Ընդհանուր առմամբ խոսքը վերաբերում է բիզնես միջավայրի բարելավմանը։ Շեշտադրումը կատարվում է փոքր և միջին բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծման վրա»,– ասաց վարչապետը։

Կառավարության նիստից հետո ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի հետ համատեղ ասուլիսին ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց հարկային փաթեթը՝ նշելով, որ առաջարկվող փոփոխություններով կդյուրացվեն և կկարգավորվեն հարկահավաքման որոշակի խնդիրներ։ Կլինեն նաև որոշակի խստացումներ՝ ուղղված առանց փաստաթղթերի շրջանառության կրճատմանը։

Ըստ նախարարի՝ ամենից շատ փոփոխություններ առաջարկվում են «Շրջանառության մասին» օրենքի նախագծով։ Այսպես՝ տարեկան կտրվածքով մինչև ֌58,35 մլն (առանց ԱԱՀ-ի) շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտների համար ներդրվելու է շրջանառության հարկի համակարգ, որի կիրառությունը ենթադրում է, որ հարկային պարտավորությունը հաշվարկվելու է պարզ հարկային հաշվառմամբ՝ շրջանառության նկատմամբ որոշակի տոկոսներով: Օրենսդրական փաթեթով նախատեսված է, որ հարկ վճարողների մոտ էապես (12-ով) կկրճատվի ներկայացվող հաշվետվությունների թիվը։ Տնտեսավարողները եռամսյակը մեկ կներկայացնեն մեկ հաշվետվություն և եթե ունեն վարձու աշխատող՝ ևս մեկ հաշվետվություն եկամտային հարկի գծով։

Ըստ փոխնախարար Սուրեն Կարայանի՝ շրջանառության հարկն առևտրի ոլորտում կլինի գործունեության եկամուտների 3,5%-ի չափով, ծառայության ոլորտում՝ 5%-ի։ Հարկադրույքների տարբերությունը փոխնախարարը բացատրեց նրանով, որ առևտրի ոլորտում թեև շրջանառությունն ավելի մեծ է, սակայն ավելի փոքր են եկամուտները։ Հարկադրույքները հաշվարկվել են՝ հիմք ընդունելով, թե ներկայում շրջանառության որ մասն են կազմում վճարվող հարկերը։ «Սահմանված հարկադրույքները նույնիսկ ենթադրում են որոշակի նվազեցում. ներկայիս հարկային համակարգով առևտրի ոլորտում հարկային բեռը կազմում է 3,8%, իսկ ծառայություններում՝ 6%»,– ասաց Կարայանը։

Հարցին, թե օրենքը քանի տնտեսավարողների վրա կտարածվի, Վաչե Գաբրիելյանը նշեց, որ ներկայում սահմանված շեմից ցածր շրջանառություն ունի մոտ 30 հազ. տնտեսավարող, բայց հստակ թիվ դժվար է նշել, քանի որ շրջանառության հարկի համակարգին անցումը կրելու է կամավոր բնույթ։ Եթե տնտեսավարողը գործունեություն է ծավալում հիմնականում ԱԱՀ վճարողի հետ, ապա նրա համար նախընտրելի է մնալ հարկման ներկայիս համակարգում։ Մանրածախ առևտրում ավելի շահավետ է անցնել նոր համակարգի։
Հաստոցն էլ է ավտոմեքենա

Կառավարությունը նոր հարկային փաթեթով վերացնում է անցած տարի շարժիչի յուղերն ակցիզային հարկի դաշտ տեղափոխելու օրենսդրական փոփոխության բացասական հետևանքները։ Գործադիրն առաջարկում է «Ակցիզային հարկի մասին» օրենքում կատարել փոփոխություններ, որով ակցիզային դաշտ կբերվեն բոլոր տեսակի քսայուղերը։

Ներկայացնելով օրենսդրական փոփոխությունը՝ Վաչե Գաբրիելյանը նշեց, որ, այս տարի շարժիչի յուղերը ակցիզային հարկի դաշտ տեղափոխելը հանգեցրել է ներկրված յուղի կառուցվածքի փոփոխության։ «Բոլորը սկսեցին ներկրել հաստոցների համար նախատեսված յուղեր, և ստացվեց, որ, ասենք, ավտոմեքենաների յուղերի պահանջարկը հինգ անգամ կրճատվեց»,– ասաց Գաբրիելյանը՝ հավելելով, թե բոլոր տեսակի յուղերն ակցիզային հարկով հարկելու հետ մեկտեղ՝ արդյունաբերական արտադրանքի ինքնարժեքի բարձրացումը կանխելու նպատակով ներդրվելու է արդյունաբերական նշանակության յուղերի համար վճարված ակցիզային հարկի գումարների վերադարձման համակարգ։

Այս տարվա հունվարի 1-ից ավտոմեքենայի շարժիչի յուղերն ակցիզային հարկի դաշտ (ակցիզային հարկը սահմանվել է 10%, բայց ոչ պակաս, քան 1 կգ-ի համար ֌400) տեղափոխելը հանգեցրել է մի կողմից ներքին շուկայում էժան յուղերի անհետացման, մյուս կողմից՝ գների աճի։ Գնային ցածր սեգմենտի ավտոյուղերի համար տնտեսավարողը վճարում է այնքան ակզիզային հարկ, որքան միջին և բարձր գնային սեգմենտի յուղերի համար։ Արդյունքում էժան յուղերի գների աճն ավելի մեծ էր, քան միջին և բարձրգնային սեգմենտինը։

Ուշագրավ է նախարարի այն հայտարարությունը, թե ակցիզային հարկի ներդրումից հետո տնտեսավարողները «նախընտրել» են ներկրել հաստոցների համար նախատեսված յուղեր։ Այն, ամենայն հավանականությամբ, եղել է ավտոմեքենաների շարժիչի յուղ, սակայն մաքսային ծառայության աշխատակիցների մասնակցությամբ վերածվել է հաստոցայինի։

Նոր աշխատատեղերի խթանում
«Շահութահարկի մասին» օրենքով նախատեսվող մի շարք փոփոխություններ, ըստ Գաբրիելյանի, սպասված են գործարարների կողմից։ Մասնավորապես՝ նախատեսվում է 2014թ. հունվարի 1-ից նվազագույն շահութահարկի համակարգի վերացում՝ զուգահեռաբար կատարելագործելով շահութահարկի գծով կանխավճարների համակարգը։

Ներկայում գործող օրենսդրությամբ՝ նվազագույն շահութահարկը վճարվում է նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների, արտադրանքի իրացումից և ծառայությունների մատուցումից հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամուտի 1% դրույքաչափով։

Ըստ Գաբրիելյանի՝ կխթանվի կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագրեր իրականացնող տնտեսավարողների կողմից նոր աշխատատեղերի ստեղծումը։ Նախատեսվում է, որ հաշվետու տարվա ընթացքում տվյալ գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների 100%-ի չափով գործատուն հնարավորություն կունենա նվազեցնել շահութահարկը, բայց ոչ ավելի, քան հաշվարկված փաստացի շահութահարկի 30%: Արտոնությունը չի տարածվի առևտրի և ֆինանսական ոլորտներում գործարար ծրագրեր իրականացնող ռեզիդենտների վրա։