Անսպասելի դաշնակիցներ ձեռք բերելու հնարավորություն կա

Նոյեմբերի 21-ին Ազգային ժողովում չկայացավ արտահերթ նիստը, քանի որ իշխող ՀՀԿ-ն քվորում չապահովեց: Նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես էր եկել ՀԱԿ խմբակցությունը, որին միացել էին ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»: Նիստի օրակարգում պետք է ընդգրկվեին ՀՀ ընտրական և քրեական օրենսգրքերում և Բնակչության պետական ռեգիստրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերը: Այս թեմայի շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ:

— Պարոն Զուրաբյան, արտահերթ նիստը, որի հիմքում դրված էր ընտրական համակարգը արմատական բարեփոխումների ենթարկելու օրակարգը, տապալվեց: Սպասո՞ւմ էիք նման զարգացումների կամ ՀՀԿ-ի նման վերաբերմունքին:

— Ավելի ճշգրիտ սահմանումներ տանք. ոչ թե նիստը տապալվել է, այլ ՀՀԿ-ն ուղղակի փախչել է, և դա ամենազարմանալի բանն է: Ունենալով մեծամասնություն Ազգային ժողովում, ճիշտ է, կեղծված մեծամասնություն՝ նրանք ցանկացած քվեարկություն կարող են անցկացնել իրենց ուզած ձևով: Եվ ահա ունենալով այդ բոլոր լծակները՝ նրանք փախել են արտահերթ նիստից: Եվ այդ առումով կցանկանայի հիշել Գալուստ Սահակյանի՝ օրերս արած արտահայտությունը. «Ընդդիմությունը հոխորտում է այնպես, ինչպես պարծենկոտ նապաստակը խոսում է անտառում»: Հիմա ես ցանկանում եմ իրեն հարց տալ՝ պարզվում է՝ դուք անգամ մկան դուխ չունեք, որ գաք և դեմ առ դեմ խոսեք ընդդիմության հետ:

— Ինչի՞ց են փախել. չէ՞ որ այնտեղ դրված չէր, ասենք, Սերժ Սարգսյանի իմփիչմենթի հարց, դրված էր պարզապես ընտրական համակարգը բարելավելու կամ փոփոխություններ, առաջարկներ անելու հարցը:

— Փախչում են հենց նրանից, որ մենք ցանկանում էինք քննարկել ընտրական համակարգի բարեփոխման հարցը, ինչը ՀՀԿ-ին կզրկեր ընտրությունը կեղծելու իր լծակներից: Հենց դրանից են փախել:

— Այս պարագայում միայն քննարկման մասին էր խոսքը, ոչ փոփոխություններ կատարելու:

— Նրանք քննարկումներից էլ են վախենում, որովհետև նախագահական ընտրություններից առաջ ընտրական այս գործընթացների բարելավումը, ընտրական համակարգի վերափոխումը, մասնավորապես կապված ընտրացուցակների ճշգրտության հետ, պահանջել են բոլորը՝ քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, ԵԽԽՎ-ն, ԵԱՀԿ-ն: Այսինքն և՛ մեր հասարակությունը, և՛ միջազգային հանրությունը ակնկալում էին այս վերափոխումը Հայաստանի իշխանություններից: Ինչո՞ւ. որովհետև շատ պարզ բան կա. մենք գիտենք, որ 700 հազ. մարդ կա ցուցակներում, որոնք Հայաստանում վաղուց չեն ապրում, և նրանց անուններն օգտագործվում են ընտրակեղծիքների համար՝ բազմակի քվեարկության միջոցով:

—  Սրանք լուրջ կասկածնե՞ր են, թե՞ համոզմունք:

— Գիտեք, ապացուցելու բան էլ չկա: Դուք ուղղակի վերցրեք և վերլուծեք Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշները և կտեսնեք, որ 1991-ից սկսած՝ դրանք բոլորը աստիճանաբար ընկնում են, և միակ ժողովրդագրական ցուցանիշը, որ աճում է, ընտրություններին պաշտոնական մասնակցության թիվն է: Օրինակ՝ ո՞նց եք պատկերացնում, որ 1999թ., երբ մենք ունեցանք քիչ թե շատ նորմալ խորհրդարանական ընտրություններ, երբ «Միասնությունը» հաղթեց, և երբ Հայաստանում բնակչությունը դեռ բավական մեծ էր, խորհրդարանական այդ ընտրություններին պաշտոնապես մասնակցեց 1,1 մլն մարդ, մինչդեռ խորհրդարանական այս ընտրություններին արտագաղթի այս պայմաններում մասնակցել է 1,6 մլն մարդ: Ո՞նց կարող էր կես միլիոնով աճել այդ ցուցանիշը: Ժողովուրդն ավելի՞ ոգևորված էր այս ընտրություններով: Բնականաբար՝ ոչ: Ուղիղ միայն այս համեմատությամբ երևում է, որ կես միլիոն ձայնի կեղծիքի մասին է խոսքը: Եվ, բնականաբար, սա ամենաառանցքային հարցն է: Ընտրացուցակների ճշգրտման, ընտրական գործընթացի օրինականության հարցը դրել են բոլորը: Բայց ՀՀԿ-ն հասկանում է՝ իրենք իրենց չեն կարող թույլ տալ անցկացնել մաքուր, օրինական, թափանցիկ ընտրություններ:

—  Նրանք նշում են, որ վերջին ընտրությունները լավագույնն էին Հայաստանի անկախության պատմության մեջ:

— Իրենց համար, իհարկե, լավագույնն էին: Իրենք էլ էին լավագույնը՝ կեղծիքների ծավալով: Այդքան կեղծիք երբևէ չի եղել:

—  Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված է հրապարակել, որում կանխագուշակելով հանրապետականների պահվածքը, որ բոյկոտելու են այդ նիստը՝ նշել է, որ նրանց պահվածքը հակասահմանադրական է: Եթե նման համոզվածություն կա Կոնգրեսի ներսում կամ նրա առաջնորդի մոտ, արդյոք Կոնգրեսը պատրաստվո՞ւմ է այս իրավիճակում մնալ՝ կոնկրետ այս գործընթացի հետ կապված, թե՞ շարունակելու է պայքարը դատական համակարգում:

— Մենք բնականաբար հիմա պետք է վերլուծենք ստեղծված իրավիճակը, տեսնենք     ինչ քայլեր ունենք՝ կոնկրետ արձագանքելու այս արտահերթ նիստի տապալմանը: Կարող ենք դիմել Սահմանադրական դատարան. այդ ուղղությամբ մեր փաստաբաններն աշխատում են, որ տեսնեն՝ ինչ հայցով մենք կարող ենք դիմել Սահմանադրական դատարան: Բանն այն է, որ սա իսկապես Սահմանադրության կոպիտ խախտում է: Սահմանադրությունն ընդդիմությանը իրավունք է վերապահում նախաձեռնել որևէ հարցի քննարկում, անգամ եթե մեծամասնությունը չի ցանկանում: Դրա համար գոյություն ունի Սահմանադրության 70-րդ հոդվածը:

— Այսինքն՝ նրանք պարտավոր էին քվորում ապահովել:

— Հոդվածի էությունն այն է, որ ընդդիմությունը կարող է, օգտագործելով այդ մեկ երրորդի ստորագրությունների հավաքման մեխանիզմը, մեծամասնությանը քննարկում պարտադրել: Եվ ահա, երբ մենք դա անում ենք, 48 ստորագրություն ենք հավաքում, աննախադեպ զարգացում վերջին 15 տարում, նրանք փոքրոգորեն դիմում են ուղղակի քվորումի տապալմանը: Դա զարմանալի բան է: Այսինքն, երբ մեծամասնությունն ինքը վախենում է, ինքը դիմում է բոյկոտի, ինքը վախենում է նիստին մասնակցել: Բայց սրանով արժեզրկում են Սահմանադրական այդ ինստիտուտը՝ ընդդիմության կողմից արտահերթ նիստ կանչելու հնարավորության այդ ինստիտուտը: Ակնհայտ է, որ նրանց հակասահմանադրական այդ գործողությունները պետք է պատասխան ունենան: Չեմ բացառում, որ մենք պարբերաբար դիմենք արտահերթ նիստ հրավիրելու քայլին: Շատ պետք է մտածել: Մենք պետք է ստիպենք նրանց սկսել հարգել Սահմանադրությունը:

— Նախագահական ընտրություններից առաջ օրակարգը և խնդիրները այլ բան են թելադրում: Մասնավորապես՝ այն ձևաչափը, որով ՀԱԿ-ը և քաղաքական ուժերը պետք է մասնակցեն այդ ընտրություններին: Գրեթե ժամանակ չի մնացել: 2008թ. ընտրությունների համար Կոնգրեսը դեռ 2007թ. սեպտեմբերից սկսել էր ժողովրդական շարժումը, քարոզարշավը: Հիմա պասիվություն է նկատվում այդ ժամանակվա համեմատ: Ի՞նչ եք պատրաստվում անել նախագահական ընտրությունների ժամանակ:

— Պետք է հասկանանք՝ ինչ իրողություն է ստեղծվել երկրում: Այս հինգ տարիների ընթացքում Սերժ Սարգսյանին հաջողվել է ստեղծել մի կեղծարար մեքենա, որը կես միլիոն ձայն կեղծելու պոտենցիալ ունի, ինչպես համոզվեցինք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Հինգ տարվա մեջ նաև ամեն ինչ արել են, որ գաղափարական, ակտիվ, բիզնես ունեցող, քաղաքացիական հայացքներով մարդիկ ուղղակի դուրս մղվեն Հայաստանից: Պետք է ասել, որ ամենամեծ կորուստներից, որ ունեցել ենք արտագաղթի հետևանքով, այն է, որ այսօր այդ ակտիվ գաղափարական էլեկտորատի մեծ մասը Հայաստանից դուրս է: Դրան զուգահեռ՝ պետականորեն կազմակերպված ընտրակաշառքի բաժանման մեխանիզմներով փչացրին ժողովրդի մենթալիտետը: Հայաստանում ստեղծել են հսկայական մի ընտրազանգված, որ չունի քաղաքական որևէ հայացք, բայց պատրաստ է վաճառել ձայնը 5-ից 25 հազ. դրամով: Նման վիճակում հասկանում ենք, որ իրողությունները փոխվել են, և պետք են քաղաքական նոր տեխնոլոգիաներ: Եվ տեսնում ենք, որ շատ անսպասելի դաշնակիցներ ձեռք բերելու հնարավորություն կա: Նախկինում «Բարգավաճ Հայաստանը» գործում էր կոալիցիայում, բայց Սերժ Սարգսյանի գործողությունների հետևանքով Հայաստանում իշխանությունը և բիզնեսը սերտաճել են, և քաղաքականությունը պայքար է սեփականության համար, ձայները վաճառում են, և ձայներ կարող են գնել այն մարդիկ, որոնք հսկայական ֆինանսական միջոցներ ունեն:

Ահա այս նոր իրավիճակում նաև քաղաքական մի ուժ, որ այդ ֆինանսական մեծ ռեսուրսի տեր է, հստակ մտավախություն ունի, որ նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը ամրապնդվելուց հետո սկսելու է ԲՀԿ-ին ոչնչացնել որպես քաղաքական ուժի: Ես վստահ եմ, որ սա հիմնավորված մոտեցում է: Սերժ Սարգսյանն իր իսկ կողմից ստեղծված այս նոր իրադրության մեջ չի կարող թույլ տալ, որ գոյատևի որևէ անկախ հսկայական մեծ ռեսուրս, որը հնազանդեցված չէ իր քաղաքական նպատակներին, և պետք է ոչնչացնի այդ ռեսուրսը: Նա ուրիշ մարտավարություն չունի: Այստեղ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում: Մի կողմից կա Կոնգրեսը, որը հինգ տարվա գաղափարական պայքարի փորձ ունի, ճիշտ է՝ ինչ-որ տեղ մաշված էլեկտորատով, քանի որ նրա մի մասը ուղղակի դուրս է մղվել երկրից, մյուս կողմից՝ կա սոցիալական ընդվզման զանգվածը, որը միշտ եղել է, և 2008թ. անցել էր Կոնգրեսի կողմը, 2011թ. կրկին միացավ քաղաքացիական այս կորիզին: Հիմա իրավիճակն այնպիսին է, որ այդ զանգվածը ինչ-որ իմաստով բաժանվել է Կոնգրեսի և ԲՀԿ-ի միջև: Սերժ Սարգսյանի դիրքերը սասանող լուրջ շարժում ստեղծելու համար անհրաժեշտ է միավորել այս ռեսուրսները:

— Դուք ինչպե՞ս եք տեսնում Ձեր նշած երկու համակարգերի համադրումը հանուն իշխանափոխության: Այսինքն՝ մի կողմից խոշոր բիզնես՝ սեփականության պահպանման խնդրով, մյուս կողմից՝ Կոնգրես՝ գաղափարական պայքարի փորձով: Դրանք շատ տարբեր են: Համադրելու հնարավորությունը և գործողությունները նույն ուղղությամբ ուղղորդելու հեռանկար տեսնո՞ւմ եք:

— Եթե կա այս ռեժիմի տիրապետությունը ավարտելու, ազատության, ժողովրդավարության սեփականության պահպանման ընդհանուր շահ՝ թեկուզ տարբեր մոտիվացիաներով, ինչու ոչ: Ընդ որում, երբ ասում ենք սեփականության պահպանում, նկատի չունենք պաշտոնյաների՝ ժողովրդից թալանված սեփականության պահպանումը, այլ նկատի ունենք, որ իրական բիզնեսով զբաղվող մարդիկ մտնեն օրինական դաշտ, չունենան արտոնություններ, հավասար մրցեն, սակայն ունենան սեփականության պահպանման պետական երաշխիքներ: Այս ամենի շուրջ մենք կարող ենք շատ լավ համագործակցել, որովհետև իրականում բոլորը մտածում են՝ ինչ Հայաստանում են ապրելու իրենց երեխաները: Ա՞յս Հայաստանում, որտեղ մի ընտանիքի և նրա բարեկամության ձեռքում շուտով ուզում են կենտրոնացնել ամբողջ տնտեսությունը:

— Պարոն Զուրաբյան, այստեղ երկու խնդիր է առաջանում. նախագահական ընտրություններ են, և հարց է առաջանում՝ ինչ թեկնածուով և ինչպես: Այսինքն՝ զուտ տեխնիկական իմաստով: Հիմա միասնական թեկնածուի շուրջ քննարկումներ կան: Կոնգրեսի համար միասնական այդ թեկնածուի կերպարը ինչպիսի՞ն պետք է լինի, ո՞վ է այդ միասնական թեկնածուն:

— Այդ հարցին ինձ համար հիմա դժվար է պատասխանել, որովհետև բանակցությունների մեջ ենք և պետք ավելի դիվանագիտորեն մոտենանք հարցին ու կտրուկ չասենք՝ այս տարբերակն է և վերջ: Ի վերջո, բանակցությունները ենթադրում են փոխզիջումների ռեժիմ, այսինքն՝ պետք է մտածենք, որ մեր հրապարակային ելույթներում չպետք է բացառենք տարբերակներ, անգամ՝ անցանկալի: Հիմա պետք է մտածենք գործի հաջողության մասին: Ի վերջո, բանակցությունները կառուցված պետք է լինեն այն լոգիկայի վրա, որ պետք է հաշվի առնվեն բոլոր տարբերակները, պլյուսները և մինուսները, որը կապահովի ժողովրդի առավելագույն մոբիլիզացիան, և ժողովուրդը կընկալի, որ սա իրական պայքար է ռեժիմի դեմ, ճակատամարտ Սերժ Սարգսյանի ռեժիմը աղբանոց ուղարկելու համար:

— Դուք, իհարկե, արդեն ունեք, պատկերացնում եք այդ տարբերակը:

— Իհարկե, ունենք, մեր տարբերակները, վերլուծությունները, սակայն չեմ ցանկանում ներկայանալ կանխորոշված դիրքորոշումներով քաղաքական ուժ:

— Գագիկ Ծառուկյանը ևս հայտարարել էր, որ արդեն կողմնորոշվել է ձևաչափի հարցում, այսինքն՝ մնում է միայն զրուցել և համաձայնեցնել:

— Ես վստահ եմ, որ այսօր վերջնական որոշումներ գոյություն չունեն: Այսինքն՝ որոշումներ, թե որ քաղաքական ուժը ինչ սխեմայով է գնում ընտրությունների: Սա, կարծում եմ, դեռ վերջնական գոյություն չունի: Շատ քիչ ժամանակ է մնացել, բայց ես կոչ եմ անում մեր ժողովրդին, հասարակությանը լցվել է համբերությամբ, որովհետև իմ կարծիքով՝ մենք շատ լավ գործ ենք նախաձեռնել, որի հաջողությունը, սակայն, ոչ ոք չի կարող երաշխավորել: Այդ բանակցություններն ի վերջո կարող են ոչ մի արդյունքի չբերել, և թիմերը առանձին ամեն մեկը իրենց ճանապարհով գնա ու փորձի առանձին իր գործը անել: Սակայն չփորձել և մեծագույն եռանդ չներդնել այս գործի մեջ ես համարում եմ սխալ:

— Հայաստանում չկա մարդ, որ հավատա՝ իշխանությունն ընտրություններում պարտվելու դեպքում կհրաժարվի իշխանությունից: Միակ տարբերակը թերևս հրապարակային բողոքի ակցիաներով իշխանություններին դա պարտադրելն է: Որքա՞ն գործուն եք համարում բողոքի ակցիայի գեներացիան միասնական թեկնածուի պարագայում:

— Մենք համարում ենք, որ պալատական իշխանափոխությունը որևէ արդյունք չի տա, անգամ եթե լինի: Իշխանությունը պետք է փոխվի հնարավորինս մեծ ժողովրդական ճնշման ներքո, և այն մարդիկ, որ գալիս են իշխանության, պարտական են ժողովրդին և կապանքներ չունեն ընտրակեղծարարների, օլիգարխների հետ: Նրանք զգում են, որ ժողովուրդն իրենց թիկունքին է, և նաև սա դաս է բոլորի համար, որ ժողովրդի կամքը կարևոր է: Վերջին 15 տարվա մեջ ժողովրդի կամքը այնքան են արհամարհել, որ բոլորը դադարել են հավատալ, որ ժողովուրդը ինչ-որ բանի ունակ է: Ամեն ինչ պետք է ուղղորդել ժողովրդի համախմբմանը, քանի որ առանց դրա հնարավոր չի լինի սասանել Սերժ Սարգսյանի ռեժիմը: Ժողովուրդը հենց դուրս գա փողոց, ես այդ ժամանակ շատ իրատեսական եմ համարում, որ Սերժ Սարգսյանի ռեժիմին կապիտուլյացիա ներկայացվի, ու միգուցե ստեղծվի անցումային իշխանություն: Բայց նույնիսկ դա շատ կարևոր է երկարատև լեգիտիմ իշխանության ստեղծման համար:

Զրուցել է Դերենիկ Մալխասյանը