Մեծ նախագծերի ճգնաժամ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ Ստեփանակերտում հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ստեփանակերտի օդանավակայանի մասին «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչպես են համանախագահները տեսնում այդ խնդրի լուծումը, ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը պատասխանել է. «Մենք կարծում ենք, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը տվյալ իրավիճակում կարող է լարվածություն առաջացնել կողմերի միջև: Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ այդ հիմնախնդիրը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով՝ հաշվի առնելով եղած փորձը»:

Ուշագրավ է, որ համանախագահների՝ հուլիսին արած հայտարարությունում հստակ երևում էր, որ նրանք Ադրբեջանից հավաստիացում էին ստացել Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի բացման հետ կապված քաղաքացիական ավիացիայի դեմ որևէ գործողությունից ձեռնպահ մնալու մասին: Պոպովի երեկվա հայտարարությունը, իհարկե, հայկական կողմի համար անբարենպաստ հետքայլ է համանախագահների հուլիսյան հայտարարությունից:

Իրականում ստեղծվել է մի վիճակ, երբ արդեն մեկ տարուց ավելի է՝ օդանավակայանը փաստացի պատրաստ է գործարկման, բայց քաղաքական նկատառումներով թռիչքներն անընդհատ հետաձգվում են: Իհարկե, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) համար բարդ է միջազգային ավիաթռիչքներ արտոնել չճանաչված պետության տարածք: Սակայն դա նաև անհնար չէ՝ համապատասխան քաղաքական և դիվանագիտական աշխատանք կատարելու պարագայում:

Ստեփանակերտի օդանավակայանի խնդիրը պետք է դիտարկել դիվանագիտական արդյունավետության տեսանկյունից: Առհասարակ, բոլոր մեծ նախագծերը, որոնց նշանակությունն ու ազդեցությունը դուրս է ազգային սահմաններից, պահանջում են նախևառաջ ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական-դիվանագիտական աշխատանք: Լինի օդանավակայան, ատոմակայան, գազատար, հէկ, երկաթգիծ, թե որևէ այլ մեծ նախագիծ, հարկավոր է նախևառաջ ապահովել նախագծի իրականացման համար քաղաքական անհրաժեշտ պայմանները:

Եթե այսօր այդ նախագծերը չկան, նշանակում է, որ քաղաքական-դիվանագիտական ոլորտում աշխատանքը տապալվել է: Դրա վառ օրինակը Ստեփանակերտի օդանավակայանն է, որը մեկ տարուց ավելի է՝ պատրաստ է շահագործման, բայց այդպես էլ չի գործարկվում:

Մեկնաբանել