Հլը թող միտինգավոր ծեծեին, տեսնեինք՝ նրանց կազատե՞ր աշխատանքից

Youtube-ում հայտնված ՃՈ տեսուչների վարքի մասին պատմող տեսանյութը դիտելիս ուղեղս կարծես անջատվեց։ Ու հիմա, անկեղծ լինեմ, գրում եմ անջատված ուղեղով։ «Լրիվ դու ոնց որ խառնում ես սաղ»,– ըստ տեսանյութի՝ ասում է օրինախախտ ոստիկանը, որը երթևեկության կանոնների խախտումով մեքենա է կանգնեցնում հաշիվ մաքրելու համար։ Գլխի եմ ընկնում, որ ՃՈ տեսուչը «լրիվ դու ոնց որ խառնում ես սաղ» արտահայտությունը կարող էր շարունակել մոտավորապես այսպես. «Արա, դու չգիտե՞ս մենք ովքեր ենք»։ Երիտասարդը պիտի հակադարձի. «Որ կանգնեցնում ես, ինչի՞ միգալկեքդ չես միացնում»: ՃՈ տեսուչը, բնականաբար, չհասկանալով թե ինչի մասին է խոսքը, պիտի սկսի զրոյից. «Դու էլի լրիվ խառնում ես սաղ»։

Բայց մեզ շարունակությունը վերծանելը շատ բան չի տա, քան ենթադրել, թե ինչ է թաքնված այս խոսքերի տակ… Ես կարծում եմ, որ երիտասարդները «լրիվ խառնել են սաղ»։ Ավելին՝ նրանք «լրիվ խառնել են սաղ» նաև այն իմաստով, որ երթևեկության կանոնների ոչ մի խախտում թույլ չէին տվել, այլապես ՃՈ տեսուչները կարող էին այլ որակի զրույց անել։ Ասենք՝ կարող էին ասել. «Էս դու քեզ դրել ես քո երազած հերոսի տեղը»։ Որովհետև մեր իրականությունում հերոսներն իրենք են։

Եթե փորձենք լրջանալ, պետք է հասկանալ, թե ինչու է ոստիկանն իրեն այդպես պահել։ Մեծ հաշվով սխալ ոչինչ չի արել, ինքն անդավաճան է, պարզապես հարցն այն է, թե պագոնավորի ինքնահավատարմությունն ի՞նչ կապ ունի պետության հետ։ Էդ ոստիկանի համար «միգալկա» չկա, հայոց լեզու չկա, ճանապարհային երթևեկություն չկա, ինքն իր երազած մարդն է, ինքն ու մնացած ամեն ինչը իրարից զատ են։ Ամեն ինչ իմաստ ունի, եթե հանգեցնում է անպատժելիության, ուժեղ մարդ երևալու կիրքը։ ՃՈ տեսուչը պետական օրգանիզմի մաս չէ, այսինքն՝ ինքն իրեն այդպիսին չի զգում, եթե մի օրգանիզմ տեսնում է, ապա դա Վլադիմիր Գասպարյանն է և կեղծված ընտրություններից հետո իր առաքելությունը։ Նա կյանքում չի դժգոհի, երբ իրեն ուղարկեն հանրահավաք ցրելու, բայց ծանր կտանի, երբ տեսնի, որ նկարահանում են իր վայրագությունը։ Որովհետև կապը չի գտնի։ Որովհետև հանրահավաք ցրելով՝ նա գործ է անում, իսկ ի՞նչ է անում այն մյուսը, որը նկարահանում է իր գազանությունները։ ՃՈ տեսուչը մտածում է այսպես՝ նախագահի ընտրություններին ես քվեարկում եմ Սերժ Սարգսյանի օգտին։ Ու այդպես մտածելով՝ թեման փակում է իր համար։ Մի անգամ ինքն իրեն չի հարցնի՝ որպես քաղաքացի՞ է քվեարկում, թե՞ որպես «միգալկեքով» տեսուչ։ Որովհետև դրանք տարբեր բաներ են, ու միաժամանակ հնարավոր չէ երկուսն էլ մարմնավորել։ Մեկի զենքը «միգալկեն» չմիացնելու արտոնությունն է, մյուսի զենքը՝ օրենքը։

Իսկ ի՞նչ հարց է լուծել Վլադիմիր Գասպարյանը ՃՈ երկու տեսուչին աշխատանքից ազատելով։ Ցինիկ լեզուն կասի՝ քաղաքացիական հասարակություն կայացնելու հարց է լուծել։ Իսկ ես կասեմ՝ չկա այդպիսի հարց, ոչ ոք չի լուծում այդպիսի հարց, մարդը պարզապես տեսել է երկու ոստիկանի, որոնք իրենց համար աննկատ տեսախցիկի առջև անում են բաներ, որոնք տանելի հայերենով անում է իրենց շեֆը հանրային տեսախցիկների առջև։ Վլադիմիր Գասպարյանը մրցակցություն է տեսել այդ տեսուչների վարքում։ Այսինքն՝ չհրահանգավորված անպատկառություն է տեսել։ Նա այդպիսի անպատկառության կարելիության մասին ոչինչ չի ասել։ Եվ դա չի ներել նրանց։ Հլը թող միտինգավոր ծեծեին, տեսնեինք՝ նրանց կազատե՞ր աշխատանքից։

Մեկնաբանել