Ամերիկյան բանկերը գրոհում են Հին աշխարհի վարկային շուկան

Ամերիկյան բանկերը, որոնց համար բավական բարդ է վարկունակ հաճախորդներ գտնել ներքին շուկայում, ավելացնում են եվրոպական ընկերությունների վարկավորման ծավալները։

Եվրոպայում պարտքային ճգնաժամի խորացումը թույլ է տվել ԱՄՆ-ի բանկերին վարկավորման եվրոպական շուկայի մի մասը «խլել» տեղական ֆինանսական կազմակերպություններից։ Եվրոպայում խստացվում են վարկավորման չափորոշիչները՝ փորձելով կանխել կապիտալի շուկաներում առկա անորոշությունների հետագա խորացումը։ Այս ամենը բացասական ազդեցություն է ունենում եվրոպական բանկերի վրա և լայն հնարավորություններ ստեղծում ծավալուն միջոցներ ունեցող ամերիկյան բանկերի համար։

Բրիտանական Dealogic ներդրումային ընկերության տվյալների համաձայն՝ ամերիկյան բանկերին այս տարի հաջողվել է վարկավորման եվրոպական շուկայում ռեկորդային մասնաբաժին ապահովել։ Սա եվրոպական բանկերի ծախսերի կրճատման անմիջական հետևանք է։ Եվրոպական բանկերը հարկադրված են դիմում ծախսերի կրճատման՝ հաղթահարելու պարտքային ճգնաժամի բացասական հետևանքները։

2012թ. Եվրոպայում ԱՄՆ-ի ֆինանսական կազմակերպությունների տրամադրած վարկերի ծավալը կազմել է $25 մլրդ, ինչը վարկավորման ընդհանուր շուկայի 5%-ն է: Գործնականում ամերիկյան բանկերին հաջողվել է վարկավորման եվրոպական շուկայում մասնաբաժինն ավելացնել երեք անգամ:

Մեկնաբանել