ԱՄՆ-ը՝ «սև ուրբաթի» ճիրաններում

ԱՄՆ-ում հերթական «սև ուրբաթն» է (Black Friday)՝ նշանակալի օր բոլոր շոպոհոլիկների ու խնայել սիրողների համար: Գոհաբանության տոնին հաջորդող ուրբաթը տալիս է Սուրբ ծննդյան զեղչերի մեկնարկը: Ամերիկյան ավանդույթը յուրացրել են նաև այլ երկրներ. նոյեմբերի 23-ին մի շարք երկրներում Apple Store խանութների հաճախորդները կարող են օգտվել iPad, iPod գաջեթների և Mac համակարգիչների համար մեկօրյա հատուկ զեղչերից:

«Սև ուրբաթը» հաջորդում է ԱՄՆ-ում Գոհաբանության տոնին: Այս օրը զեղչեր առաջարկելու ավանդույթը ձևավորվել է դեռևս 19-րդ դարում, սակայն մռայլ անվանումը ստացել է 1960-ականներին՝ վարորդների շնորհիվ, որոնք օրը «սև» են անվանել փողոցներում հսկայական խցանումների պատճառով:

Այս օրը խանութները շատ վաղ են բացվում՝ սովորաբար առավոտյան ժամը 5:00-ին: Ընդ որում՝ գոյություն ունի կանոն, որի համաձայն՝ մեծ զեղչերով ապրանքներ առաջարկվում են հաճախորդների առաջին տասնյակի համար, այդ պատճառով ամերիկյան սուպերմարկետներում առաջինը լինելու համար պայքարը հաճախ ավարտվում է խցանումներով, ծեծկռտուքով, երբեմն նույնիսկ՝ կրակոցներով:

ԱՄՆ-ի Ռիթեյլերների ազգային ասոցիացիայի կանխատեսումների համաձայն՝ չնայած երկրում անկայուն տնտեսական իրավիճակին և գործազրկության մոտ 9% մակարդակին՝ անցյալ տարվա համեմատ 2012թ. վաճառքի ծավալները կաճեն 4%-ով և կհասնեն 586,1 մլն դոլարի: