Opus Dei-ն բողոքում է խաղաքարտային խաղի անվանում «դառնալու» դեմ

Կոպենհագենի դատարանը քննում է կաթոլիկ եկեղեցու Opus Dei ազդեցիկ կազմակերպության հայցը Dema Games դանիական հրատարակչության դեմ: Opus Dei-ի իսպանական ստորաբաժանումը (դանիական չկա, քանի որ Դանիայում եկեղեցին լյութերանական է) մեղադրում է դանիական հրատարակիչներին իր անունն ապօրինաբար օգտագործելու և մտավոր սեփականության իր իրավունքները խախտելու մեջ: Կազմակերպության անունը, որը լատիներենից թարգմանվում է «Աստծո գործ», դանիական գործարարների կողմից օգտագործվել է «Opus Dei. կյանքը կրոնից հետո» խաղաքարտային խաղի անվան մեջ:

Opus Dei-ն հրատարակչից պահանջում է խաղի անվանումից հանել իր կազմակերպության անունը, փոխհատուցել 300 հազ. դանիական կրոն (51,5 հազ. դոլար) և փակել խաղը վաճառող կայքը:

Ի պատասխան այս բողոքի՝ Dema Games-ը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «ոչ ոք չի կարող հավակնել կրոնական հասկացությունների տիրապետմանը»:

Opus Dei-ն Իսպանիայում 1928թ. ստեղծել է կաթոլիկ հոգևորական Խոսեմարիա Էսկրիվա դե Բալագերը: Կազմակերպությունը համաշխարհային հռչակ է ձեռք բերել 2003թ.՝ Դեն Բրաունի «Կոդ դա Վինչի» գրքի հրատարակումից հետո: