Սարկոզիին մեղադրանք չի առաջադրվել

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրանք չի ներկայացվել 2007թ․ նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման գործով, հաղորդում է AFP-ն։

Դատավորների կոլեգիան երեկ երեկոյան որոշել է Սարկոզիին մեղադրանք չառաջադրել, այլ նախկին նախագահին տալ «հատուկ վկայի» կարգավիճակ։ Այդպիսի կարգավիճակը նշանակում է, որ Սարկոզիի նկատմամբ հետաքննությունը կշարունակվի և ապագայում դեռ կարող են մեղադրանքներ առաջադրվել։ Սակայն, նշում է AFP-ն, մեղադրանքի անհապաղ առաջադրումից հրաժարումը մեծացնում է շանսը, որ Ֆրանսիայի նախկին նախագահին արդյունքում անմեղ կճանաչեն։

Սարկոզիին «հատուկ վկայի» կարգավիճակ տալու որոշումն ընդունվել է երեկ նրա՝ Բորդոյի դատարանում տված ցուցմունքից մի քանի ժամ հետո։

Հետաքննությունը կասկածում է, որ Սարկոզին հինգ տարի առաջ անօրինական ճանապարհով գումար է ստացել Ֆրանսիայի ամենահարուստ կնոջից՝ L’Oreal ընկերության սեփականատեր Լիլիան Բետանկուրից։ Հետաքննությունը սկսվել էր այն բանից հետո, երբ մադամ Բետնակուրի նախկին հաշվապահ Քլեր Տիբուն 2010թ․ ոստիկանությանը տեղեկացրել էր, որ կանխիկ €150 հազ․ է փոխանցվել Սարկոզիի նախընտրական արշավի ֆինանսավորման ասոցացիայի ղեկավար Էրիկ Վերտին։

Համաձայն մի քանի վկաների ցուցմունքների՝ ինքը՝ Սարկոզին, 2007թ․ նախագահական ընտրություններից առաջ նվազագույնը երկու անգամ  անձամբ այցելել է Բետանկուրի նստավայր։

Դեռ լինելով Ֆրանսիայի նախագահ՝ Նիկոլա Սարկոզին անօրինական ճանապարհով գումար ստանալու վերաբերյալ իր հասցեին ուղղված բոլոր մեղադրքներն անվանել էր «կեղտոտ բամբասանք»։