Microsoft-ը մտադիր է ստեղծել «լրացված իրականության» ակնոց

ԱՄՆ-ի արտոնագրերի և առտրային նշանների բյուրոն հրապարակել է Microsoft կորպորացիայի` մեկուկես տարի առաջ ներկայացրած հայցը` արտոնագրելու Event Augmentation with Real-Time Information նոր ակնոցը:

«Լրացված իրականության» ակնոցը նպատակ ունի սպորտային խաղերի, համերգների և համանման այլ միջոցառումների ժամանակ ապահովել առավել իրական պատկերներ: Այն նոր տեսաինֆորմացիա կտրամադրի տեղի ունեցող իրադարձության վերաբերյալ, օրինակ` միջոցառման մասնակիցների ելույթի տեքստը, նրանց անունները:

Microsoft-ն ակնկալում է, որ ակնոցի գնորդները կլինեն հենց միջոցառումների կազմակերպիչները:

Ակնոցն ունի խոսափող և տեսախցիկ` տեղակայված հայելիների միջնամասում, որը տեսաձայնագրում է տեղի ունեցող իրադարձությունը: Նախատեսվում է ակնոցի գործառույթների թվում ավելացնել բարձրախոս, ջերմաստիճանի, շարժման և գտնվելու վայրի հաղորդիչ: Միաժամանակ` ակնոցը կպատվի հատուկ ֆիլտրով, որը կբացառի լույսի ներթափանցումը աչքերի մեջ:

Նշենք, որ Microsoft-ի հայցի ներկայացումից անցել է արդեն մեկուկես տարի, և այս ընթացքում կորպորացիայի ծրագրերում հնարավոր է` փոփոխություններ են կատարվել: