Է. Նալբանդյանը համանախագահների ուշադրությունն է հրավիրել Բաքվի սադրիչ հայտարարությունների վրա

Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից շարունակաբար արվող սադրիչ հայտարարությունների վրա՝ նշելով, որքան էլ դրանք ներքին օգտագործման համար լինեն, սակայն լուրջ վնաս են հասցնում բանակցային գործընթացին և սրում են իրավիճակը տարածաշրջանում։

Համանախագահները Հայաստանի արտգործնախարարին են ներկայացրել Ստեփանակերտում ԼՂՀ նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքները և շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված իրենց առաջարկությունները։

Զրուցակիցները քննարկել են դեկտեմբերին Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռանախագահների հետ հանդիպման հնարավորությունը։