Էշթոնը ժամանում է Վրաստան

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնը նոյեմբերի 26-ին կժամանի Վրաստան, այնուհետ կուղևորվի Ղրղըզստան, Տաջիկիստան և Ղազախստան, հաղորդում է civil.ge-ն:

Վրաստանում նա կհանդիպի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ:

Այցից առաջ Էշթոնը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ Վրաստանը արդեն ընդունել է քաղաքական խոշոր լուրջ որոշում՝ անցումը դեպի ժողովրդավարություն:

«Մենք ողջունում ենք փաստը, որ որպես վարչապետ Իվանիշվիլին իր էներգիան ուղղում է երկրի տնտեսական մարտահրավերների հաղթահարմանը, սակայն նա պետք է մտածի արտաքին քաղաքական մարտահրավերների մասին և վստահ լինի, որ ամենը, ինչ անում է արդարդատության տեսանկյունից արվում է բաց և թափանցիկ», -ասել է Էշթոնը:

Նրա խոսքով՝ կարևոր է, որ Սաակաշվիլին շարունակի համագործակցությունը նոր կառավարության հետ, և կարևոր է, որ նա ապահովի Վրաստանի առաջընթացը հատկապես ԵՄ-ի հետ հարաբերություններում, ինչը այս երկրի համար չափազանց կարևոր է:
Հիշեցնենք, որ Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում իր առաջին պաշտոնական այցը նոյեմբերի 12-14-ը կատարել է Բրյուսել: