Ավանում բացվել է Սայաթ-Նովայի կիսանդրին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է հայ մեծ քնարերգու Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում բանաստեղծի` Ավան վարչական շրջանում տեղադրված կիսանդրու բացմանը, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Բանաստեղծի անունը կրող թաղամասի համանուն պուրակում տեղադրված կիսանդրու հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, քանդակի հեղինակ Լևոն Թոքմաջյանը, Երևանի ավագանու անդամներ, արվեստի և մշակույթի գործիչներ, հյուրեր և Ավանի բնակիչներ:

«Գաղափարը վաղուց էր քննարկվում ու այսօր Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում կյանքի կոչվեց: Ինչպես գիտեք Ավան վարչական շրջանի թաղամասերը անվանակոչված են մեր հայ մեծերի անուններով և մենք ծրագրել ենք այդ թաղամասերից յուրաքանչյուրում առկա պուրակներում տեղադրել նմանատիպ կիսանդրիներ: Այս ծրագիրը հաստատ լինելու է շարունակական»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Կիսանդրու բացման հանդիսավոր արարողության շրջանակում կազմակերպվել էր նաև տոնական համերգ` Թովմաս Պողոսյանի, Արուս Գուլանյանի և այլոց մասնակցությամբ:

Մեկնաբանել