Ներդրումներին խոչընդոտող բազմաթիվ գործոններ կան. Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կարծում է, որ Հայաստանում գրանցված տնտեսական աճը դրական երևույթ է երկրի համար, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանի հիմնարար խնդիրները լուծված են: Այսպիսի միտք է հայտնել Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան նոյեմբերի 20-ին Երևանի պետական համալսարանում կարդացած բաց դասախոսության ժամանակ: Նա նշել է, որ ԱՄՀ-ում չեն կարծում, որ այս առաջընթացը կարող է կայուն աճի հիմք հանդիսանալ: «Աճն ավելի շատ պայմանավորված է ժամանակավոր գործոններով: Այս տարվա բարենպաստ պայմանների շնորհիվ Հայաստանի տնտեսությունը գրանցել է 6-7% աճ, սակայն եթե բարեփոխումները չշարունակվեն, մեր կանխատեսումներով՝ առաջիկա տարիներին այն կհասնի ընդամենը 4%-ի»,- ասել է ԱՄՀ ներկայացուցիչը՝ Հայաստանի կառավարությանը կրկին խորհուրդ տալով ավելի մեծ ուշադրություն հատկացնել հարկային և մաքսային ոլորտներին, որտեղ գործընթացները, նրա խոսքով, դժվար է չափել ցուցանիշներով:

ԱՄՀ ներկայացուցիչ Գիերմո Տոլոսայի խոսքով՝ Հայաստանում գրանցված աճը վկայում է այն մասին, որ բարելավվել է գործարար միջավայրը կարգավորող օրենսդրությունը, ինչը ենթադրում է, որ երկրում գործարարությամբ զբաղվելն ավելի է հեշտացել մի շարք առումներով: «Սակայն այս ցուցանիշները հայաստանյան գործարարների կյանքի ամբողջական պատկերը չեն տալիս: Ընդհանրապես, 100-տոկոսանոց ցուցանիշներ չեն լինում: Աճը վկայում է մի շարք կարևոր առաջընթացների մասին, սակայն արտացոլում է ընդհանուր պատկերի միայն մի մասը»,– ասել է նա՝ հավելելով, որ դա հզոր ազդակ է Հայաստանի համար, որը հուշում է, որ որոշ խնդիրներ լուծված են, սակայն կան բազմաթիվ այլ գործոններ, որոնք լուրջ խոչընդոտ են Հայաստանում ներդրումներ անելու համար:

Տոլոսան ասել է, որ ԱՄՀ-ի համար առանցքային հարց է Հայաստանի հարկային և մաքսային վարչարարության ոլորտը: «Այստեղ ընթացող գործընթացները դժվար է չափել ցուցանիշներով, քանի որ դրանք տեղի են ունենում ամենօրյա փոխազդեցության արդյունքում, որը դժվար է վերահսկել: Բազմաթիվ գործարարներ շարունակում են հայտարարել, որ ենթարկվում են չարաշահումների և անկանխատեսելի վարչական գործողությունների, որոնք խոչընդոտում են նրանց ներդրումային գործունեությունը, հետևաբար՝ արգելակում Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծման գործընթացը»,– նշել է ԱՄՀ ներկայացուցիչը:

Նա ասել է, որ 2012-ը լավ տարի էր Հայաստանի համար, և ի թիվս այլ գործոնների՝ հրաշալի բերք է եղել, որը կարող է նպաստել գյուղացիների կյանքի բարելավմանն ու խթանել տնտեսության մյուս ճյուղերի զարգացումը:

«Ընդհանուր առմամբ՝ իրավիճակը դրական ենք գնահատում՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսական ծանր իրավիճակը Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում և այլ երկրներում»,– նշել է ԱՄՀ ներկայացուցիչը՝ հավելելով, որ համաշխարհային տնտեսական այս անբարենպաստ պայմաններում զարգացող շուկաները բնականաբար չեն կարող առաջվա պես առաջընթաց արձանագրել:

Ամփոփելով՝ նա նշել է, որ Հայաստանի համար առաջնահերթ խնդիր է հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների իրականացումն ու գործարար միջավայրի բարելավումը: «Անհրաժեշտ է ապահովել հավասար պայմաններով մրցակցային դաշտ ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար: Գործունեություն ծավալելու հնարավորություն է պետք ընձեռել բոլորին՝ առանց սահմանափակումների: Վստահ ենք, որ մենաշնորհների վերացմանը զուգընթաց՝ տնտեսությունն անհամեմատ ավելի արագ կզարգանա»,– եզրափակել է Գիերմո Տոլոսան:

Ստելլա Մեհրաբեկյան

Դասախոսության մասին տեսանյութը դիտե՛ք այստեղ:

Մեկնաբանել