Մշակութային դիվանագիտությունը՝ ճանաչման գործիք

Վերջերս մի հոդված կարդացի ֆրանսիական Le Мonde Diplomatique-ում, որտեղ խոսվում էր «մշակութային դիվանագիտության» մասին: Կոնկրետ օրինակ էլ կար՝ Ադամ Միցկևիչի անվան լեհական մշակույթի և լեզվի զարգացման ինստիտուտը, որը ֆինանսավորում էր լեհական թատրոնների հյուրախաղերը տարբեր երկրներում:

Մշակույթը, վստահաբար, երկիրը ճանաչելի դարձնելու ամենաարդյունավետ ձևն է: Միևնույն ժամանակ մշակույթը ճանաչելի դարձնելը նաև տեխնիկական բաղադրիչ է ենթադրում, ասենք՝ Միցկևիչի անվան ինստիտուտի նման մի հաստատություն, որը կկազմակերպի հյուրախաղեր, գրքերի տպագրություններ, ցուցահանդեսներ, համերգներ և այլն:

Կարծում եմ՝ Արցախի արտաքին գործերի և մշակույթի նախարարությունները պետք է կոորդինացնեն ու ավելացնեն ջանքերը մշակույթի միջոցով Արցախն ավելի ճանաչելի դարձնելու համար: Այս առումով ողջունելի են մշակույթի նախարարության մի շարք նախաձեռնություններ՝ կապված միջազգային քանդակագործական սիմպոզիումներ և երաժշտության փառատոներ անցկացնելու հետ:

Սակայն մշակույթի միջոցով Արցախը ճանաչելի դարձնելու ավելի ազդեցիկ քայլեր արել են Սփյուռքի մեր հայրենակիցները: Օրինակ՝ Չեխիայում բնակվող հայտնի լուսանկարիչ Գարիկ Ավանեսյանը կազմակերպեց լուսանկարիչների բազմազգ մի պատվիրակության այց Արցախ, վերջիններիս արցախյան լուսանկարներն էլ տեղ գտան «Արցախ. հինավուրց երկիր» ժողովածուի մեջ, ցուցահանդեսներ կազմակերպվեցին Չեխիայում, Ավստրիայում, Գերմանիայում:

Ժամանակն է Արցախում ստեղծել մշակույթի աջակցման գործակալություն, որը կօգտվի հայության հսկայածավալ սոցիալական կապիտալից՝ հայկական մշակույթի արցախյան մասը դրսում ներկայացնելու համար: Այն կկազմակերպի արցախցի արվեստագետների ցուցահանդեսներ տարբեր երկրներում, կօժանդակի Արցախում միջազգային մշակութային իրադարձությունների, ամառային դպրոցների կազմակերպմանը, կօգնի արցախցի երիտասարդներին սովորել արվեստի լավագույն բուհերում:

Ֆրանսիացի նկարիչ Դոմինիկ Լանդուչին, որը ցուցադրվել է նաև Արցախում, ժամանակին մասնակցել էր Եվրամիության կողմից քաղաքակրթությունների երկխոսության շրջանակում ֆինանսավորած Մոլլա Նասրեդինի պատմությունների գրքի ֆրանսերեն թարգմանության նկարազարդմանը: Կարծում եմ՝ Պըլը Պուղիի պատմությունների լույսընծայումը տարբեր լեզուներով՝ նկարազարդված հայտնի նկարիչների կողմից, շատ ավելի մեծ հռչակ կբերի Արցախին և ավելի ճանաչված կդարձնի նրան, քան պատմական, իրավական, քաղաքական թեմաներով անվերջանալի դեբատները տարբեր հարթակներում:

Աշխարհում կան բազմաթիվ հիմնադրամներ, այդ թվում՝ հայկական կապիտալով ստեղծված, որոնք ֆինանսավորում են արվեստին վերաբերող տարբեր ծրագրեր: Լիսաբոնում տեղակայված «Գյուլբենկյան» հիմնադրամը ամեն տարի հսկայածավալ կրթաթոշակներ է հատկացնում արվեստի գծով սովորող ուսանողներին, ֆինանսավորում մշակութային հաստատություններ:

Ֆինանսավորման խնդիրն արդեն տեխնիկական հարց է, կարևորը՝ մշակութային դիվանագիտության վրա ուշադրություն դարձնելն է: Նույնիսկ այնպիսի ճանաչված մշակույթներ, ինչպիսիք ֆրանսիականը, գերմանականը կամ անգլիականն են, ջանք ու եռանդ չեն խնայում ավելի ճանաչելի դառնալու համար: Ժամանակն է ավելի համակարգված զբաղվելու Արցախը մշակույթի միջոցով ճանաչելի դարձնելու գործերով: