«ՀայՌուսգազարդը» ավելացնում է կապիտալ ներդրումները

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը 2013թ. ներդրումների ծավալը նախատեսում է ավելացնել 80%-ով, ավտոտրանսպորտային միջոցների և մեխանիզմների ձեռքբերման, վերասարքավորման ու հիմնանորոգման ծախսերը՝ 2,3 անգամ։ Ընկերությունը պատրաստվում է գնել շուրջ $40 հազ. միջին արժեքով տասը թեթև մարդատար ավտոմեքենա։

«ՀայՌուսգազարդը» ավելացնում է կապիտալ ներդրումների ծավալը։ Օրերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հաստատել է «ՀայՌուսգազարդ» ընկերության 2013-2015 թթ. ներդրումային ծրագիրը, ըստ որի առաջիկա երեք տարիներին ընկերությունը գազի համալիրում նախատեսում է կատարել Դ35,91 մլրդ-ի կապիտալ ներդրումներ։ 2013թ. ընկերությունը ծրագրել է կատարել Դ7,53 մլրդ-ի ներդրում, 2014թ.՝ Դ12,02 մլրդ-ի, 2015-ին՝ Դ16,36 մլրդ-ի։

Անցած տարի նոյեմբերի 30-ին ՀԾԿՀ-ի կողմից հավանության արժանացած «ՀայՌուսգազարդի» 2012-2014 թթ. ներդրումային ծրագրով գալիք տարվա համար համակարգում ներդրումների ծավալը նախատեսված էր մոտ Դ4,2 մլրդ-ի մակարդակում, 2014-ի համար՝ Դ4,5 մլրդ-ի։

Ստացվում է, որ մինչ այս նախատեսված ծավալների համեմատ 2013թ. ընկերության ներդրումները կաճեն 80%-ով, իսկ 2014-ին՝ 2,7 անգամ։

Այս տարվա նոյեմբերին ՀԾԿՀ-ի հաստատած ներդրումային ծրագրում «ՀայՌուսգազարդը» նշել է, որ 2014-2015 թթ. համար նախանշվող աշխատանքները և նրանց համապատասխան կապիտալ ներդրումները կարող են փոփոխվել կամ շեղվել, կախված 2013թ. ծրագրի իրականացման գործընթացից, աշխատանքների օրացուցային գրաֆիկից ու ձեռքբերումների համար նախատեսված ժամկետներից, ինչպես նաև փաստացի կատարված կապիտալ ներդրումներից ու ընկերության ֆինանսատնտեսական վիճակից։

Ըստ ծրագրի՝ գալիք տարի ընկերության կողմից կատարվելիք Դ7,53 մլրդ ներդրումների 64%-ը կամ Դ4,77 մլրդ-ը կուղղվի գազաբաշխման համակարգ, Դ2,75 մլրդ-ը կամ 36%-ը՝ գազափոխադրման համակարգ։

Գալիք տարի ընկերությունն ավտոտրանսպորտային միջոցների և մեխանիզմների ձեռքբերմանը, վերասարքավորմանն ու հիմնանորոգմանը նախատեսում ուղղել Դ459 մլն, այն դեպքում, երբ անցած տարի հաստատված ներդրումային ծրագրով ընկերությունը 2013թ. այդ նպատակների համար ծրագրել էի ուղղել Դ203 մլն։

2013թ. ընկերությունը «օպերատիվ» ավտոմեքենաների ձեռքբերմանը ծրագրում է ուղղել Դ188 մլն, այն դեպքում, երբ ներդրումային նախորդ ծրագրով նախատեսում էր ընդամենը Դ58 մլն։ Եթե 2011թ. ընկերությունում 2013թ. համար նախատեսում էին գնել ութ մարդատար ավտոմեքենա՝ ծախսելով Դ41,6 մլն, ապա այժմ՝ տասը թեթև մարդատար մեքենա (կծախսվի Դ175 մլն)։

Ուշագրավ է, որ օպերատիվ մեքենաների քանակի ավելացման հետ մեկտեղ բարձրացել են մեքենայի դասի նկատմամբ պահանջները։ Եթե նախկինում ընկերությունը պատրաստվում էր մեկ մեքենան գնել միջինում Դ5,2 մլն-ով, ապա հիմա՝ Դ17,5 մլն միջին արժեքով։ Ընկերության ներդրումային ծրագրում չի նշվում, թե շուրջ $40 հազ. արժողությամբ մեքենաները որքանով կբարձրացնեն գազամատակարարման և գազաբաշխման համակարգի հուսալիությունը։ Մեկ մեքենայի միջին արժեքից երևում է, որ «ՀայՌուսգազարդում» որոշել են համալրել ղեկավար օղակի ծառայողական մեքենաների ավտոպարկը։

Համեմատության համար՝ վթարային ծառայության ութ ավտոմեքենաների ձեռքբերման համար ընկերությունը կծախսի ընդամենը Դ140 մլն կամ մեկ մեքենայի վրա՝ միջինում Դ17,5 մլն։ Ստացվում է, որ «ՀայՌուսգազարդի» համար ղեկավար անձնակազմի տեղափոխման հարմարավետությունը նույն մակարդակում է, ինչ համակարգի անվտանգությունը։

«ՀայՌուսգազարդը» 2013թ. շենքերի և շինությունների հիմնանորոգման, վերակառուցման և վերականգնման նպատակով նախատեսում է ծախսել Դ259 մլն, այնինչ նախկին ծրագրում էր ընդամենը Դ50 մլն։ Գալիք տարի անշարժ գույքում կատարվող ներդրումների 77%-ը ուղղվելու է Երևանի և մարզերի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի շենքային պայմանների բարելավմանը։

Մեկնաբանել