ՀՀ նախագահն ընդունել է արձակագիր Կիմ Բակշիին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է անվանի արձակագիր, հայագետ, թարգմանիչ և մշակութաբան Կիմ Բակշիին, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել գրողին, որն իր վաստակաշատ գործունեության ամբողջ ընթացքում բազմաթիվ ստեղծագործություններ է նվիրել հայ ժողովրդին, նրա պատմությանն ու մշակույթին՝ զգալիորեն նպաստելով հայ մշակույթի հանրահռչակմանը, մեր ժողովրդին աշխարհում արժանվույնս ներկայացնելու և ավելի ճանաչելի դարձնելու գործին:

Հայ-ռուսական բարեկամությանը, մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը նպաստող երկարամյա արգասաբեր գործունեության համար Կիմ Բակշիին Սերժ Սարգսյանը հանձնել է Պատվո շքանշան, որով հայ ժողովրդի մեծ բարեկամը պարգևատրվել էր ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հանդիպմանը Կիմ Բակշին տեղեկացրել է նախագահին, որ հայ ժողովրդի մասին պատմող իր բազմաթիվ գրքերի շարքը շուտով համալրվելու է արդեն հրատարակության հանձնած նոր գրքով՝ «Արցախի հոգևոր գանձերը» վերնագրով:

Սերժ Սարգսյանը գրողին մաղթել է առողջություն և հաջողություններ հետագա բոլոր նախաձեռնություններում:

Մեկնաբանել