Շախտյորը ջախջախում է Գովերլային. Մխիթարյանը 17-րդ գոլը խփեց

Ուկրաինայի առաջնության միանձնյա առաջատար Դոնեցկի «Շախտյորը» սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց ետնապահներից մեկին` «Գովերլային»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ում տրանսֆերային արժեքը հասել է 17 մլն եվրոյի, Ուկրաինայի առաջնության 17-րդ տուրում «Գովերլայի» հետ հանդիպման 17-րդ րոպեին իր 17-րդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում և շարունակում է վստահորեն գլխավորել լավագույն ռմբարկուների ցուցակը:

Մեկական գոլի հեղինակ դարձան նաև Իլսինյոն (5ր), Վիլիանը (13ր), Դուգլաս Կոստան (62ր), ով աչքի ընկավ Մխիթարյանի փոխանցումից հետո, և Դևիչը (80ր): Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, ով հանդես է գալիս «Գովերլայի» կազմում, մասնակցեց ողջ հանդիպմանը:

Նշենք, որ այս հաղթանակից հետո «Շախտյորը» վաստակեց 48 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել Ուկրաինայի առաջնության մրցաշարային աղյուսակը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել