Սիրիան՝ լիբանանիզացիայի ճանապարհով

Սիրիական ճգնաժամի, Սիրիայում առկա էթնիկ, կրոնական և դավանական խմբերի ճակատագրի մասին ՍիվիլՆեթը սկայպ-հարցազրույց է ունեցել Կալիֆոռնիայի Դեյվիսի համալսարանի պրոֆեսոր, Մերձավոր Արևելքի մասնագետ Քիթ Ուոթենփոյի (Keith Watenpaugh) հետ, որը Դենվերում մասնակցում էր Մերձավոր Արևելքի խնդիրներին նվիրված գիտաժողովի:

-Ես կցանկանայի հարցնել սիրիական ընդդիմության տարբեր խմբերի՝ Դոհայում տեղի ունեցած հանդիպման մասին: Առկա է նախնական կոալիցիա կամ նման մի բան, որը մի կողմից չի ընդունվում Սիրիայի կառավարության կողմից, մյուս կողմից՝ ճանաչվում է միջազգային որոշ ուժերի ու պետությունների կողմից՝ Ֆրանսիա, Թուրքիա, Մեծ Բրիտանիա և այլն: Ի՞նչ եք կարծում, արդյոք գնալով բարդանո՞ւմ է իրավիճակը, թե՞ ընդհակառակը:

-Այս նոր կոալիցիայի ստեղծումը Կատարում, որը մենք այժմ ուղղակի կրճատ անվանում ենք Դոհայի խումբ, կարծում էինք՝ մեծ խոստում էր պարունակում սիրիական ընդդիմության միասնական ղեկավարություն ստեղծելու առումով, կառույց, որի հետ միջազգային հանրությունը կարող է խոսել, հատկապես որ սիրիական ապստամբներին օգներ հետևել մարդասիրական պատերազմ վարելու միջազգային չափանիշներին, օրինակ, երբ խոսքը վերաբերում է ռազմագերիներին:

-Պատերազմի օրենքների՞ մասին է խոսքը:

-Այո՛, պատերազմի օրենքների, որը նույնն է, ինչ միջազգային մարդասիրական իրավունքը: Այսօրվա դրությամբ Սիրիայում առկա մի քանի խոշոր ռազմական խմբավորումներ, նկատի ունեմ՝ զինված մարդկանց, որոնք կռվում են և զոհվում ամեն օր, բացարձակապես չեն ընդունում Դոհայի խմբին, քանի որ այս կազմակերպությունները, Սիրիայի ապագան տեսնում են իսլամական օրենքին խստորեն ենթարկվող պետություն կառուցելու մեջ: Այս խմբերը ներառում են հասարակ, պահպանողական սուննի կազմակերպություններից մինչև սալաֆիական խմբավորումներ: Իրավիճակն ավելի է բարդացել, սակայն այստեղ առկա է հետևյալը. Դոհայի խումբը ճանաչվել է Եվրոպական ազդեցիկ պետությունների կողմից, որոնք կսկսեն աջակցություն ցուցաբերել այդ խմբին և միջամտել կամ խանգարել այն խմբավորումերին, որոնք չեն ճանաչում Դոհայի խմբին: Կարծում եմ՝ խմբի կազմակերպություններն են ստանալու աջակցության մեծ մասը, և սա արդեն կսկսի նշանակություն ունենալ պատերազմի դաշտում և քաղաքական բանակցություններում:

-Եվ մենք միայն կարող ենք այդ ժամանակ հուսալ, որ սիրիացի ժողովրդին ներկայացնելու նրանց իրական, լեգիտիմ կոչումը և կարողությունը կհամապատասխանի նրանց ստանալիք աջակցությանը՝ մեկը մյուսի վրա ազդելու փոխարեն: Ինչպե՞ս են այդտեղ՝ Դենվերում ընթանում քննարկումները:

-Մեզ նախևառաջ անհանգստացնում է Սիրիայում գտվող մեր ընկերների ու բարեկամների ճակատագիրը: Համաժողովին մասնակցող բոլոր գիտնականներն էլ մոտ կապեր ունեն այդ երկրի հետ: Բոլորս էլ այնտեղ երկար տարիներ դաշտային աշխատանք ենք իրականացրել և շատ ենք անհանգստանում, քանի որ այն շատ կարևոր վայր է մեզ համար: Գիտաժողովի մասնակիցների մեծ մասը համաձայն է այն մտքին, որ Սիրիան սկսելու է մասնատվել մի քանի մասերի: Մենք դա անվանում ենք սիրիական քաղաքացիական պատերազմի լիբանանիզացիա, և ինչպես արդեն գիտենք Լիբանանի փորձից, այդ գործընթացը կշարունակվի՝ ներառելով կես սերունդ: Մեր մտահոգությունն այն է, որ վերջ չկա, և նույնիսկ վարչակարգի գլխատմամբ, ենթադրենք, Բաշար Ասադի սպանությամբ, զինված այս միավորումների ձևավորումը, որոնք միասնական չեն, կհանգեցնի Սիրիայի մասնատմանն ու յուրատեսակ մեծ Լիբանանի ստեղծմանը:

Զրուցել է Սալբի Ղազարյանը

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ:

Մեկնաբանել