Մի՛ սպանիր, պատմաբան

ԲՈՒՀ-ական պատմության նոր դասագրքում հեղինակ Էդիկ Մինասյանը 2008-ի մարտի 1-ի պատասխանատվությունը դրել է ընդդիմության վրա: «Ընդդիմության արմատական թևը… իշխանությունների ամենաթողության պայմաններում խախտելով օրենքը… սկսեց հանրահավաքների շարք»,- գրված է դասագրքում: Մի առիթով նկատել եմ՝ պատմությունը մեզ շատ բան կսովորեցներ, եթե, իհարկե, պատմաբանները չլինեին:

Ի՞նչ է դասագիրքն ընդհանրապես և պատմության դասագիրքը՝ մասնավորապես: Դասագիրքը գրվում է սեփական երեխային ամբողջ ճշմարտությունն ասելու տեսանկյունից: Որպեսզի վաղն այդ երեխան իմացության «ամբողջ հասակով» կանգնի հասարակության առաջ: Այսինքն, գրում ես այնպես, ինչպես կպատմեիր քո երեխային ոչ թե քո տեսանկյունից, այլ՝ ժամանակակիցներիդ: Որովհետև դասագիրքը, լինի մաթեմատիկայի, կենսաբանության, գրականության, թե պատմության, քո հայացքը չէ, այլ՝ ժամանակաշրջանի, որի շարադրանքը քեզ է վստահվել: Քո հայացքը կարող է դառնալ սոսկ գիտական հոդված, որը կարող են քարկոծել հազարավոր գիտնականներ: Պատմության դասագիրքը քո ստեղծագործությունը չէ, այլ արդեն տեղի ունեցած իրադարձությունների շարադրանքը՝ ներառյալ մյուսների, ովքեր արտահայտվել են այդ իրադարձությունների մասին:

«Հայկական աշխարհի» մասին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը մի անգամ ասաց. «Պատմության դասագրքերը գրվում են ապագայի տեսանկյունից»: Այսինքն, թե ապագայում ինչ խնդիր ես դնում քո առջև, ինչպես ես տեսնում քո ապագան, ըստ այդմ էլ գրվում է պատմության դասագիրքը: Մի խոսքով, սկզբից, ըստ Տիգրան Սարգսյանի, ճշտում ես տեսանկյունդ, հետո գրում ես պատմության դասագիրքը: Մինասյան Էդիկը այս տրամաբանությամբ է գրել:

Իսկ ու՞մ է հետաքրքիր քո տեսանկյունը, եթե ես իմ ուսանող երեխային բոլորովին ուրիշ բան եմ պատմելու: Ես ասելու եմ նրան, որ Փետրվարի 20-ից մինչև մարտի 1-ը ընդդիմությունը գոնե մեկ ակնթարթ անպատասխանատու չի եղել, և որ մարտի 1-ը եղել է նախագահի կեղծված ընտրություններին ընդդիմացած քաղաքական ուժի հանդեպ իշխանության զինված հակազդեցությունը, որի արդյունքում զոհվել է 10 հոգի: 10-ին էլ սպանել է իշխանությունը: Հայաստանում կա՞ մեկը, որն այլ բան է կարծում: Դա իր խնդիրն է, իմ երեխան ուրիշ ոչինչ չի իամանլու այս մասին պատմության դասագրքերից:

Եթե Մինասյան Էդիկի երեխան թքած ունի լեգիտիմ – ոչ լեգիտիմ իշխանության տարբերությունների վրա, պատրաստ եմ որոշակի հավատարմություն հայտնել նրա անտարբերությանը: Ինձ էլ դա շատ չի հետաքրքրում: Բայց եթե իշխանությունը սպանում է 10 հոգի, դասագիրքն այդ մասին պետք է հստակ պատմի, որովհետև քաղաքացին չպետք է խնդիր ունենա իր երկրի դասագրքերի հետ: Սա ձեզ համար եկեղեցու պատմության դասագիրք չէ, որտեղ դուք դատում եք մյուս կրոնական կազմակերպությունների մասին խելքներիդ փչածը: Փչեք ինչպես ուզում եք, եկեղեցին պատմություն չէ, այլ՝ կառույց, որն ինքն իր մասին ինչ ուզում է թող գրի: Եթե պետք եղավ, իմ երեխան այդ պատմություն էլ չի սովորի: Բայց իմ աչքի առաջ տեղի ունեցածի մասին գրե՛ք ճշմարտությունը: Պատմության դասագրքերում մի՛ դատեք մարդկանց: Մեջբերե՛ք դատողների և նրանց հետ չհամաձայնողների խոսքը, բայց սկզբից շարադրե՛ք ամեն ինչ, ինչպես որ դա եղել է: Առանց այն էլ հայ ժողովրդի պատմությունը մի երևելի իմանալիք չէ: Բայց երբ առանձին վերցրած մեկ պատմաբան ապրողների անունից է դատում իրադարձությունների մասին, որտեղ առնվազն 10 զոհ է եղել ոչ ընդդիմության ձեռքից, դա ծաղր է երկրի հասցեին, որտեղից մարդիկ առանց այն էլ փախչում են դեռևս այդպիսի դասագրքեր չկարդացած:

Կրկնում եմ, գրեք խելքներիդ փչածը: Բայց կա՛մ փոխեք ձեր երեխաների ազգությունը, Հայրենիքը և կեցավայրը, կա՛մ ի սեր ձեր երեխաների մի՛ ստեք: Եվ ընդհանրապես, ի՞նչ է ճշմարտությունը: Դա ճիշտն ասելը չէ, ոչ էլ՝ չստելը: Մի ստիր: Քրիստոսն այսպիսի պատվիրան չունի: Ինչո՞ւ: Որովհետև ստելն ի տարբերություն սպանության, մարդու խելքի բանը չէ: Ճշմարտությունը նույնպես մարդու խելքի բանը չէ: Հետևաբար, հարգելի՛ պատմաբան, համարեք, որ դուք մարդասպանությամբ եք զբաղված, քանի որ կարգին ստել էլ չգիտեք:

Մեկնաբանել