Սրբազան ջրերի պատերազմ

Վերջերս Երուսաղեմի ջրամատակարարումն ապահովող «Հագիհոն» ընկերությունը Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի Սուրբ Հարության տաճարից պահանջել է շուրջ 2,3 մլն դոլար՝ տարիներ ի վեր սպառած ջրի դիմաց: Սուրբ Հարության տաճարը համատեղ տնօրինում են Հույն ուղղափառ, Կաթոլիկ և Հայ առաքելական եկեղեցիները: Թեմայի շուրջ ՍիվիլՆեթը սկայպ-հարցազրույց է ունեցել եկեղեցու հարցերով փորձագետ, միջազգային իրավունքի մասնագետ Հարի Հակոբյանի հետ, որը ներկայում բնակվում է Լոնդոնում: Նա տարիներ շարունակ համագործակցել է Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհրդի և եկեղեցիների խնդրով զբաղվող այլ կազմակերպությունների հետ և քաջատեղյալ է խնդրին:

 

-Հարի, պատմե՛ք, խնդրում եմ, ինչպե՞ս ենք հայտնվել նման իրավիճակում: Արդյոք հայերն ու հույները տաճարի կառավարման հարցում սխա՞լ են թույլ տվել: Ի՞նչ է կատարվում այնտեղ:

-Սա բավական հետաքրքիր հարց է, որովհետև, եթե ընթերցեք տեղական մամուլը՝ թե՛ արաբերեն և թե՛ եբրայերեն, կտեսնեք, որ ներկա իրադրությունը բնութագրվում է որպես «սրբազան ջրերի պատերազմ»: Այստեղ գործ ունենք երեք առանցքային գործոնի հետ. մեկը Երուսաղեմն է, որտեղ գտնվում է տաճարը, մյուսը՝ արաբա-իսրայելական հակամարտությունը, և երրորդը՝ ջրի հետ կապված վեճը: Ըստ էության, խնդիրն այն է, որ տաճարը տնօրինող երեք՝  Հույն ուղղափառ, Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցիները միլիոնավոր դոլարների հաշիվ են ստացել այն դեպքում, երբ վերջին 15 տարվա ընթացքում նրանք երբևէ ջրի վարձ չեն վճարել: Եվ հիմա Իսրայելի ջրամատակարարող մասնավոր ընկերությունը պահանջում է վճարել այդ հաշիվները, ինչին ի պատասխան՝ եկեղեցիները հայտարարում են, որ մտադիր չեն դա անել:

 

արդիկ տարիների ընթացքում սպառված ջրի դիմաց հաշիվներ ստացել են ու անտեսել և մասնավոր ընկերությունը հիմա որոշել է՝ ժամանակն է, որ նրանք վճարեն ջրի վարձը: Այդպես չէ՞:

Այդպես է: Այստեղ հարկ է նշել, որ գոյություն ունի այսպես կոչված «ստատուս քվոյի» համաձայնագիրը, որը ձևավորվել է դեռևս Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում: Համաձայնագիրը, որը կարգավորում է հարաբերությունները պետության և եկեղեցիների ղեկավար մարմինների միջև, գործել է և՛ Օսմանյան կայսրության, և՛ բրիտանական մանդատի, և՛ Հորդանանի տիրապետության ժամանակաշրջաններում: Երբ ձևավորվեց Իսրայել պետությունը, այն նույնպես ընդունեց «ստատուս քվոյի» համաձայնագիրը, ուստի հայկական, հունական և կաթոլիկ եկեղեցիները որոշեցին, որ համաձայնագրի դրույթներն ուժի մեջ են մնում: Համաձայնագրի դրույթներից մեկի կամ եկեղեցիների կողմից այդ դրույթի մեկնաբանության համաձայն՝ Սուրբ Հարության տաճարն ազատված է ջրի վարձից: Այս կետն ուժի մեջ է եղել այնքան ժամանակ, քանի դեռ ջրամատակարարումն ապահովում էր պետական ընկերությունը: Այն բանից հետո, երբ ընկերությունը մասնավորեցվել է, և դրա կառավարումն ստանձնել է մասնավոր «Հագիհոն» ընկերությունը, ղեկավարությունը որոշել է, որ տաճարը պետք է վճարի ջրի վարձը՝ Իսրայելում և պաղեստինյան տարածքներում գործող ցանկացած այլ մարմնի պես: «Հագիհոնը» ներկայացրել է շուրջ 2,3 մլն դոլարի հաշիվ՝ վերջին 12-15 տարվա համար: Եկեղեցիների ներկայացուցիչները պատասխանել են, որ ի վիճակի չեն և մտադիր չեն վճարել այդ հաշիվը և աջակցության խնդրանքով դիմել են բոլորին՝ Հորդանանի թագավոր Աբդալլահից մինչև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ի պատասխան՝ դատարանի որոշմամբ՝ Սուրբ Հարության տաճարի հաշիվները սառեցվել են:  Ներկայում լուրջ խնդիր կա տաճարի ղեկավարության և ջրամատակարարող ընկերության միջև, ինչն անուղղակիորեն անդրադառնում է նաև եկեղեցիների և Իսրայել պետության հարաբերությունների վրա: 

 

Կարելի՞ ասել, որ Իսրայելի կառավարությունը սատարում է մասնավոր ընկերության այս որոշումը: 

-Ներկայում Իսրայելի կառավարությունը զննում է դրա երկու կողմը և դեռ որոշում չի կայացրել: Եկեղեցիների ղեկավարների կողմից ստորագրված նամակներից մեկն էլ ուղղված էր Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին, որով նրանք նախագահին տեղեկացնում էին, որ չեն կարող և հրաժարվում են վճարել ներկայացված հաշիվները: Իրավիճակը խնդրահարույց է. մի կողմից խոսքը վերոհիշյալ «ստատուս քվոյի» համաձայնագրի, մյուս կողմից՝ հարցը առևտրային տեսանկյունից դիտարկող մասնավոր ընկերության մասին է: Չպետք է մոռանալ նաև, որ Սուրբ Հարության տաճարը տարեկան շուրջ 2 մլն զբոսաշրջիկ է հաճախում, ինչն, անշուշտ, եկամտի աղբյուր է Իսրայելի համար: Այսպիսով՝ նման լարված իրավիճակում կարևոր է իշխանությունների դիրքորոշումը, որոնք կա՛մ կաջակցեն եկեղեցիների ղեկավարներին, կա՛մ մասնավոր ընկերությանը: Անձամբ ես այն համոզման եմ, որ նրանք կփորձեն առաջիկա մոտ հարյուր տարվա համար փոխզիջումային տարբերակ գտնել: Կարծում եմ՝ այս պատմությունը դեռ որոշ ժամանակ կձգձվի՝ մինչև կողմերը գան համաձայնության:

 

-Չմոռանալով, որ մոտենում է Սուրբ ծնունդը:

-Այո, ի դեպ, այս համատեքստում պետք է նշել, որ Հույն ուղղափառ եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլոս Երրորդը Իսրայելի վարչապետին և նախագահին ուղղված նամակում հայտարարել է, որ եթե ոչինչ չփոխվի, դարերի ընթացքում առաջին անգամ իրենք ստիպված կլինեն հայտարարել, որ Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարը փակված է զբոսաշրջիկների համար: Վերջերս այս հարցը քննարկել եմ Երուսաղեմի Հայոց պատրիարքության ընդհանրական տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի հետ և նրան հարցրել, թե ինչի կարող է հանգեցնել այս ամենը: Եթե հետևեք մամուլին, կնկատեք, որ ուշադրության կետրոնում հունական պատրիարքարանն է, սակայն հարցը հավասարապես վերաբերում է նաև հայերին և կաթոլիկներին. նրանք բոլորը նույն կաթսայում են: Արքեպիսկոպոսն առաջարկում է հանդիպել և միասնական դիրքորոշում մշակել: Հիմնվելով եկեղեցական մարմինների և իշխանությունների հետ բանակցությունների երկարամյա իմ փորձի վրա՝ կարող եմ ենթադրել, որ մասնավոր ընկերությունը հնարավոր է՝ դուրս գրի վերջին 12-15 տարվա ընթացքում կուտակված պարտքերը՝ պայմանով, որ այսուհետև Սուրբ Հարության տաճարի ղեկավարությունը կվճարի սպառված ջրի դիմաց: Ի դեպ՝ արքեպիսկոպոս Արիսը բավական ուշագրավ մի բան ասաց. սպառված ջրի զգալի մասն օգտագործել են տաճար այցելած զբոսաշրջիկները:

 

-Ինձ մոտ նույնպես առաջացավ այդ հարցը՝ ինչպե՞ս էր հնարավոր միլիոնավոր դոլարների ջուր սպառել՝ նույնիսկ 15 տարվա ընթացքում:

-Ինձ էլ է ապշեցրել այդ հաշիվը: Ես հարցրեցի արքեպիսկոպոսին, թե ինչ են արել տաճարում, որ այդքան ջուր է սպառվել: Ի պատասխան՝ նա ժպտաց և ասաց, որ այս գումարում մեծ է զբոսաշրջիկների «մասնաբաժինը». ջուրն օգտագործվում է թե՛ խմելու և թե՛ տաճարի մաքրությունն ապահովելու համար:

 

-Մինչդեռ, նույնիսկ եթե խնդիրն ինչ-որ ձևով կարգավորվի և նախկին պարտքերը դուրս գրվեն, մենք կորցնում ենք այն առումով, որ այսուհետև հարկ կլինի վճարել ջրի վարձը, ինչը նշանակում է, որ «ստատուս քվոն» կվերանայվի:

-Որպես իրավաբան՝ հարցին կմոտենամ իրավական տեսանկյունից. արքեպիսկոպոս Արիսի հետ զրույցում ես արել եմ այս հարցադրումը. եթե «Հագիհոնը» բանակցությունների արդյունքում համաձայնի դուրս գրել հին պարտքերը, և տաճարի ղեկավարությունը պարտավորվի այսուհետև վճարել Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի և Բեթղեհեմի Քրիստոսի ծննդյան տաճարի ջրի վարձը, դա իրավական նախադեպ կստեղծի, որից ելնելով՝ «ստատուս քվոյի» համաձայնագիրը պետք է փոխվի: Դա ինքնին ճանապարհ կհարթի համաձայնագրի շատ այլ դրույթների ու կետերի վերանայման համար, ինչը շատ վտանգավոր է:

Զրույցի սկզբում ես նշեցի, որ պաղեստինական և իսրայելական մամուլն այս խնդիրն անվանում է «սրբազան ջրերի պատերազմ»: Ուշագրավ է, որ Պաղեստինի իշխանությունները հանդես են եկել հայտարարությամբ, որ մտադիր չեն սպառված ջրի դիմաց գումար գանձել Բեթղեհեմի եկեղեցիներից: Այսպիսով՝ այս դեպքում գործ ունենք ոչ թե պարզապես ֆինանսական կամ իրավական հարցի հետ, այլ մեկ անգամ ևս, ինչպես դա ընդունված է Մերձավոր Արևելքում, վերաքաղաքականացնում ենք իսրայելա-պաղեստինյան խնդիրը:

 

-Ստատուս քվոյի» համաձայնագիրն  ամրագրում է հայերի ներկայությունը Երուսաղեմում: Համաձայնագրի վերանայումը կարո՞ղ է խնդիրների հանգեցնել այդ առումով:

-Այո: Ակնհայտ է, որ հայկական, առավել ևս՝ հունական և կաթոլիկ պատրիարքարանները չեն ցանկանա հրաժարվել «ստատուս քվոյի» համաձայնագրով իրենց ընձեռված իրավունքներից: Վերանայումը կարող է նոր հարցերի առաջ կանգնեցնել և անբարենպաստ հետևանքներ ունենալ եկեղեցիների համար: Այսպիսով՝ հնարավոր է, որ ինչ-որ փոխզիջումային, երկուստեք ընդունելի լուծում գտնվի, սակայն հարց է՝ ինչպես դա կընթերցվի: Թերևս սա այն է, ինչի մասին պետք է մտածեն  իրավաբաններն ու զբաղվեն քաղաքական գործիչները:

Զրուցել է Սալբի Ղազարյանը

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ