Patriot-ը կխորացնի տարածաշրջանային խնդիրները. Ալի Լարիջանի

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին վստահ է, որ Թուրքիայի կողմից նատօյական Patriot հրթիռների տեղակայումը միայն կխորացնի տարածաշրջանային խնդիրները: Այսպիսի հայտարարություն Լարիջանին արել է Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում, հաղորդում է IRNA գործակալությունը:

«Թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ իմ հանդիպումների ընթացքում ես զգուշացրել եմ, որ այդ հրթիռների տեղակայումը բացասական հետևանքների կհանգեցնի և միայն կխորացնի գոյություն ունեցող խնդիրները», -ասել է Լարիջանին:

Լարիջանին հանդիպումներ է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեկի հետ:

Հանդիպումներին հաջորդած մամլո ասուլիսի ընթացքւմ Լարիջանին տեղեկացրել է, որ քննարկվել է նաև Գազայի հարցը, և Թեհրանը լիահույս է, որ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կվերականգնվեն: Հիշենցնեք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Սիրիայում շարունակվող ճգնաժամը վտանգում է Թուրքիայի ազգային անվտանգությունը և ելնելով Վաշինգտոնյան համաձայնագրի չորրորդ կետից` ՆԱՏՕ-ին պաշտոնական պահանջ է ուղարկել թուրք-սիրիական սահմանին Patriot հրթիռների տեղակայման մասին: Անցած շաբաթ հայտնի է դարձել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը, ամենայն հավանականությամբ, 15 օրվա ընթացքում կպատասխանի Թուրքիայի պահանջին:

Մեկնաբանել