Աբու Դաբիում «նավթային» բուրգ կկառուցվի

Հայտնի քանդակագործ Խրիստոն, որի մտահղացմամբ 1995թ. գերմանական Ռեյխստագի շենքը պատվել է կտորով, պատրաստել է հսկայական նախագիծ, որը կիրականացվի անապատում՝ Աբու Դաբիից մոտ 160 կմ հեռավորության վրա: Կտրած բուրգ հիշեցնող «Մաստաբա» քանդակը կլինի Գիզայի Մեծ բուրգից ավելի բարձր:

150 մ բարձրությամբ և 212 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ բուրգը կդառնա Աբու Դաբիի խորհրդանիշը, ճիշտ այնպես, ինչպես փարիզյան Էյֆելյան աշտարակը կամ լոնդոնյան Բիգ Բենը: «Մաստաբա» նախագիծը նպատակ ունի Աբու Դաբին դարձնել արվեստի և մշակույթի կենտրոն:

«Մաստաբան» կլինի նաև Աբու Դաբիի նավթարդյունաբերության խորհրդանիշը. այն կստեղծվի 410 հազ. բարել կազմող պինդ նավթի բազմագույն աղյուսներից: Խրիստոյի մտահղացմամբ՝ քանդակը շատ գեղեցիկ կնայվի դեղնակարմիր ավազների ֆոնին, հատկապես՝ արևածագին:

Նման քանդակ կերտելու գաղափարը Խրիստոյի և նրա հանգուցյալ կնոջ մոտ ծնվել էր 30 տարի առաջ, սակայն իրականացումը հետաձգվում էր տարածաշրջանային կոնֆլիկտների պատճառով:

Բուլղարական ծագումով նկարչի հերթական նախագիծը սատարում է շեյխ Համդան բեն Զայիդ Ալ Նահայանը՝ Էմիրությունների թագաժառանգ արքայազնի կրտսեր եղբայրը: Խրիստոյի տեղեկացմամբ՝ ծրագիրը ֆինանսավորում են նաև այլ անկախ ներդրողներ, որոնց անունները չեն հրապարակվում:

«Մաստաբան», որի շինարարությունը կտևի 30 ամիս, կլինի Խրիստոյի առաջին մշտական արտ-նախագիծը. նկարչի մյուս աշխատանքները եղել են ժամանակավոր: