Տաջիկստանը սահմանափակել է Facebook-ի մատչումը

Տաջիկստանում սահմանափակվել է Facebook սոցիալական ցանցի մատչումը, ռուսական «Ռիա նովոստի» գործակալությանը տեղեկացրել է երկրի Ինտերնետ պրովայդերների ասոցիացիայի իրավաբան Պարվինա Իբոդովան։

«Դեռ կիրակի երեկոյան Կապի ծառայությունը ինտերնետ պրովայդերներին ու բջջային կապի օպերատորներին հաղորդագրություններ է ուղարկել Facebook ցանցի արգելափակման մասին»,- ասել է նա։ Տվյալ պահին երեք ինտերնետ պրովայդեր, ինչպես նաև բջջային կապի երեք օպերատոր արդեն արգելափակել են սոցցանցի մատչումը։

Իբոդովան կարծում է, որ ոչ բոլոր օպերատորներն են արգելափակել Facebook-ը միայն այն պատճառով, որ սպասում են Կապի ծառայության պաշտոնական նամակին։

Տաջիկստանում Facebook-ի մատչումն այս տարի արգելափակում են արդեն երկրորդ անգամ։ Առաջին անգամ դա տեղի էր ունեցել մայիսի 3-ին։ Այդ ժամանակ սահմանափակումները, բացի Facebook-ից, վերաբերել էին նաև Zvezda.ru, Tjknews.com և Maxala.org., centrasia.ru կայքերին։ Մեկ շաբաթից՝ Տաջիկստանի նախագահի՝ լրագրողների հետ հանդիպման նախօրեին, Facebook-ի մատչումը ապաարգելափակվեց, սակայն մյուս կայքերի մատչումը մինչ այժմ շարունակում է արգելափակված մնալ։