Հետևելով Բեթհովենի «խավարից դեպի լույս» կարգախոսին

Դիրիժորների ավագ սերնդի ամենահեղինակավոր ներկայացուցիչներից մեկը՝ 85-ամյա Կուրտ Մազուրը, Դրեզդենի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ պատրաստվում է մեծ համերգաշրջանի: Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը Մազուրը կկատարի Բեթհովենի յոթ սիմֆոնիա, իսկ դեկտեմբերի 8-11-ը՝ բեթհովենյան ամբողջ սիմֆոնիկ շարքը:

Եվրոպացի երաժշտասերները դիրիժորի այս քայլն ընդունել են որպես հերոսություն. Մազուրն անցյալ տարի ծանր վնասվածք է ստացել, ավելին՝ նա տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ: Մեծ կոմպոզիտոր Բեթհովենի անունը, որի ստեղծագործական ուղին ինքնին մարմնավորում է հաղթանակը խլության հանդեպ, խորհրդանշական բնույթ է կրում Մազուրի ազդագրերում:

Տարեց դիրիժորն իր հիվանդության մասին հայտարարել է հոկտեմբերի 10-ին: Հրապարակային նման խոստովանությունները բավական հազվագյուտ երևույթ են ակադեմիական շրջաններում, սակայն Կուրտ Մազուրի այս որոշումը նպատակ ուներ վերջ դնել մամուլում իր առողջության վերաբերյալ քննարկումներին:

«Իմ կյանքը երաժշտությունն է, և սիրած գործով զբաղվելու հնարավորությունը ես ընկալում եմ որպես մեծ առավելություն և անսահման ուրախության աղբյուր, – ասել է Մազուրն իր պաշտոնական հայտարարության մեջ: – Իմ համերգային ծրագիրը կմնա անփոփոխ՝ այնպես, ինչպես հայտարարված է իմ կայքում»:

Ծանր հիվանդության մասին լուրերը եվրոպական թերթերում տարածվել են այն բանից հետո, երբ ապրիլին Փարիզում ելույթ ունենալիս Մաեստրոն ուշագնաց է եղել և ընկել դիրիժորական հարթակից: Արդյունքում՝ չեղյալ են հայտարարվել դիրիժորի՝ մինչև սեպտեմբեր նախատեսված բոլոր ելույթները:

Մինչդեռ արդեն հուլիսին աշխատանքի ծարավ Մազուրը բեմ է դուրս եկել ամերիկյան Թանգլվուդում և ղեկավարել Բոստոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ ծրագիրը կիսելով որդու՝ դիրիժոր Քեն-Դևիդ Մազուրի հետ: