Թուրքական սերիալները Էրդողանի ճաշակով չեն

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել թուրքական սերիալների քննադատությամբ, հաղորդում է Hurriyet-ը:

Նա մասնավորապես անդրադարձել է Muhteşem Yüzyıl («Փառահեղ դարաշրջան») սերիալին` ասելով, որ թուրքերի նախնիներն իրենց կյանքը պալատներում չեն անցկացրել, ինչպես ներկայացվում է սերիալում:

«Մեր նախնիները` Քանունի սուլթանը, Սուլեյման սուլթանը, չեն ապրել պալատներում, այլ իրենց կյանքի երեսուն տարին անցկացրել են ձիերի վրա»,- ասել է Թուրքիայի վարչապետը` չթաքցնելով իր զայրույթն այդ սերիալի նկատմամբ: Նա նշել է նաև, որ ֆիլմի հեղինակները և հեռուստատեսությունների ղեկավարները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Էրդողանի այս հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարությունը` իր հայտարարության մեջ նշելով, որ այդ սերիալը մերձավորարևելյան երկրներում, Բալկաններում, թյուրքական հանրապետություններում դիտում է շուրջ 150 մլն մարդ: ««Փառահեղ դարաշրջան» սերիալը, որը լավ ընդունելություն է գտել տարբեր երկրներում, մեծ եկամուտներ է բերում Թուրքիային»,- ասված է Թուրքիայի մշակույթի նախարարության հայտարարության մեջ:

Մեկնաբանել