Ուժի մեջ է մտել դեղին համարանիշների հատկացման նոր կարգը

Նոյեմբերի 25-ից ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 15-ի որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումը: Ուժը կորցրած է ճանաչվել «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տրանսպորտային միջոցների պետական տեխնիկական զննության անցկացման և դրանց դեղին հիմնագույնի համարանիշների հատկացման կարգը հաստատելու մասին» կառավարության 2004թ. հունվարի 22-ի որոշումը:

Ըստ կառավարության հիմնավորման` նպատակը ոլորտը կարգավորող կանոնակարգերի քանակի նվազեցումն ու պարզեցումն է, ինչպես նաև տարբեր իրավական ակտերում նույն գործառույթը կարգավորող դրույթների կրկնության բացառումը:

Վերանայված որոշմամբ, մասնավորապես, ամրագրվել է դեղին հիմնագույնի համարանիշների հատկացման կարգը: Ըստ այդմ, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տրանսպորտային միջոցներին դեղին հիմնագույնի համարանիշներ հատկացնելու համար տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ նրա կողմից լիազորված անձը, իսկ վարձակալության դեպքում՝ նաև վարձակալը, ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներ է ներկայացնում դիմում, համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքը, տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիրը (տեխնիկական անձնագիրը) և համարանիշներ տալու ու գրանցման գործողություն կատարելու համար պետական տուրքերի վճարման անդորրագրերը:

Համարանիշները տրվում են փաստաթղթերը ճանապարհային ոստիկանության ստորաբաժանում ներկայացվելուց հետո` 5-օրյա ժամկետում: Տրանսպորտային միջոցի անձնագրային տվյալների անհամապատասխանության դեպքում տրանսպորտային միջոցին դեղին հիմնագույնի համարանիշներ չեն տրվում, որի մասին 2-օրյա ժամկետում տեղեկացվում է մրցութային հանձնաժողովին` նշելով համարանիշները չտալու պատճառները:

Պահանջվող փաստաթղթերի առկայության դեպքում ճանապարհային ոստիկանության ստորաբաժանման կողմից ի պահ են վերցվում տրանսպորտային միջոցի նախկին համարանիշները, իսկ փոխարենը հատկացվում են դեղին հիմնագույնի համարանիշներ ու ժամանակավոր գրանցման կտրոն` կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար` համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքում նշված ժամկետով:

Եթե կազմակերպության տրանսպորտային միջոցներից որևէ մեկի շահագործումը կանոնավոր ուղևորափոխադրումներում դադարեցվում է, ապա կազմակերպության հետ պայմանագիր կնքած լիազոր մարմինը դրա մասին եռօրյա ժամկետում տեղեկացնում է ճանապարհային ոստիկանությանը` վերջինիս կողմից այդ տրանսպորտային միջոցի դեղին հիմնագույնի համարանիշները և ժամանակավոր գրանցման կտրոնը նախկին համարանիշներով փոխարինելու համար:

Երթուղին սպասարկելու ժամկետը լրանալու, կազմակերպության գործունեությունը դադարեցվելու կամ վաղաժամկետ այդ իրավունքից զրկվելու դեպքում տվյալ տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ նրա կողմից լիազորված անձը դեղին հիմնագույնի համարանիշներն ու ժամանակավոր գրանցման կտրոնը ներկայացնում է ճանապարհային ոստիկանության ստորաբաժանում` տրանսպորտային միջոցի նախկին համարանիշների հետ փոխանակելու համար։ Վերադարձված դեղին հիմնագույնի համարանիշն ու ժամանակավոր գրանցման կտրոնը ճանապարհային ոստիկանության ստորաբաժանման կողմից նույն օրվա ընթացքում փոխարինվում են նախկին համարանիշով` համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված տեղեկատվության հիման վրա:

Դեղին հիմնագույնի համարանիշներով տրանսպորտային միջոցներն ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անձանց օտարվելու կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալության տրամադրվելու դեպքում տրանսպորտային միջոցի հետ, նախկին սեփականատիրոջ համաձայնությամբ, նոր սեփականատիրոջը կամ վարձակալին են անցնում նաև դրանց համար տրված դեղին հիմնագույնի համարանիշները, որի մասին ճանապարհային ոստիկանության տվյալ ստորաբաժանման կողմից կատարվում է համապատասխան գրառում:

Մեկնաբանել