«Հոբիթ» ֆիլմի ռեժիսորին մեղադրել են ռասիզմի ու դաժանության մեջ

Նոյեմբերի 28-ին Նոր Զելանդիայում կկայանա Փիթեր Ջեքսոնի «Հոբիթ» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի էկրան բարձրանալուց առաջ ռեժիսորը բավական ծանր հարվածի ենթարկվեց. նախ՝ նրան մեղադրեցին նկարահանումների ժամանակ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ապա՝ ֆիլմում ոչ մի «գունավոր» դերասան չներառելու մեջ: Ստեղծագործության հեղինակ Տոլկիենի հասցեին նույնպես մեղադրանքներ են հնչել. նրա գրքերում չափազանց քիչ են կանայք:

Անգլիացի գրողի ստեղծագործության հիման վրա նկարահանված նախորդ եռագրությունը՝ «Մատանիների տիրակալը», սահմանել է բոլոր հնարավոր ռեկորդները. 280 մլն դոլար ընդհանուր բյուջեով՝ վարձույթում այն հավաքել է 2,9 մլրդ դոլար և արժանացել «Օսկարի» 30 հնարավոր մրցանակից 17-ին:

Ամենայն հավանականությամբ՝ հսկայական հաջողություն կունենա նաև նոր՝ «Հոբիթ» ֆիլմը, համենայնդեպս՝ ֆինանսական և ստեղծագործական առումներով: Իսկ ահա քաղաքականության տեսանկյունից «Հոբիթը» որոշ խոչընդոտների է հանդիպել: Նախ՝ American Humane Association կազմակերպությունը, որը պայքարում է կենդանիների իրավունքների համար, Փիթեր Ջեքսոնին մեղադրել է այն բանի համար, որ նկարահանումների ժամանակ զոհվել է 27 կենդանի: Ջեքսոնի մամուլի խոսնակ Մեթ Դրավիցկին խոստովանել է, որ «զոհվել են ձիեր, այծեր, հավեր և մեկ ոչխար», որից հետո նա երկար ժամանակ ստիպված էր արդարանալ կենդանիների պաշտպանների առաջ:

Այս ամենին հետևեց էլ ավելի ծանր մեղադրանք. «Փիթեր Ջեքսոնը ռասիստ է»: Պակիստանցի մի կին հայտարարել է, որ դերի էր հավակնում Ջեքսոնի նոր ֆիլմում, սակայն նրան մերժել են՝ «Տոլկիենի գրքում բոլոր հոբիթները դժգույն մաշկով են» պատճառաբանությամբ:

Վերոհիշյալ հայտարարություններին միացել է «ծանր հրետանին»՝ ի դեմս փորձագետների, որոնք ռասիզմի մեղադրանքներ են ներկայացրել ոչ թե ռեժիսորին, այլ գրող Տոլկիենին: «Իհարկե, գրքում ռասիստական բնույթի կարծրատիպեր առկա են. բոլոր լավ տղաները սպիտակ են, իսկ վատերը՝ սևամորթ, ամեն լավ բան գալիս է Արևմուտքից, իսկ չարիքը՝ Հարավից և Արևելքից», – ասում են նրանք:

Բոլոր այս մեղադրանքների նպատակը թերևս ֆիլմի պրոդյուսերներից ու դերասաններից գումար կորզելն է՝ հօգուտ հանդուրժողականություն քարոզող զանազան կազմակերպությունների:

Մեկնաբանել