Համանախագահներն ամփոփել են տարածաշրջանային այցը

ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահները (Ռոբերտ Բրադկե (ԱՄՆ), Իգոր Պոպով (Ռուսաստան) և Ժակ Ֆոր (Ֆրանսիա)) և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հայտարարություն են տարածել` ամփոփելով նոյեմբերի 19-26-ը տարածաշրջան կատարած իրենց այցի արդյունքները։ 

Համանախագահները հայտնում են, որ հերթական այցի նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու հարցում կողմերին օժանդակելու ջանքերը շարունակելն էր։

«Երևանում համանախագահները նոյեմբերի 23-ին հանդիպեցին նախագահ Սարգսյանի և արտգործնախարար Նալբանդյանի, Բաքվում նոյեմբերի 26-ին` նախագահ Ալիևի և արտգործնախարար Մամեդյարովի հետ։ Լեռնային Ղարաբաղում նոյեմբերի 21-22-ը նրանք հանդիպեցին դե ֆակտո իշխանությունների հետ։ Նոյեմբերի 21-ին դեպի Լեռնային Ղարաբաղ ճանապարհին համանախագահները այցելեցին Զանգիլանի և Ջեբրայիլի շրջաններ` գնահատելու զարգացումները այդ տարածքներում 2010թ. հոկտեմբերին իրենց նախորդ այցից հետո:

Համանախագահները նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ վերանայեցին օգոստոսին և սեպտեմբերին արտգործնախարարներ Նալբանդյանի և Մամեդյարովի հետ անցկացրած առանձին հանդիպումների արդյունքները և խաղաղ գործընթացի շարունակման վերաբերյալ գաղափարները, որ նրանք ներկայացրել էին նախարարներին հոկտեմբերի 27-ի համատեղ հանդիպմանը: Կողմերը նաև համաձայնեցին հետագա աշխատանք տանել արտգործնախարարների մակարդակով:

Համանախագահներն իրենց գնահատանքը հայտնեցին դեսպան Անջեյ Կասպրչիկին ու նրա թիմին` այս դժվարին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի դիտարկման աշխատանքի և տարածաշրջան այս ուղևորությունը, հատկապես` Զանգիլանի և Ջեբրայիլի շրջաններ այցելությունը, դյուրացնելու համար»,- ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունում։