Ֆրանսիայի «աջակենտրոնների գործը» կարող է լուծվել դատարանում

Ֆրանսիայի նախկին վարչապետ, «Միություն հանուն ժողովրդական շարժման» աջակենտրոն կուսակցության (որը նախկինում գլխավորում էր Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին) առաջնորդի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը պատրաստ է դատարան դիմել, հաղորդում է Euronews-ը։

Նրա մրցակից Ժան Ֆրանսուա Կոպեն հրաժարվել է կուսակցական վետերան Ալեն Ժյուպեի միջնորդությունից, որը պետք է փորձեր լուծել շարժման պատմության մեջ բարդագույն ճգնաժամը, որը կուսակցությունը երկու մասին է բաժանել։

«Ֆրանսուա Ֆիյոնն արեց ամեն բան, որ Ժյուպեի միջնորդությունը հաջողությամբ պսակվի, և համաձայնեց բոլոր պահանջներին։ Սակայն Ժան Ֆրանսուա Կոպեն մերժեց այդ միջնորդությունը»,- հայտարարել է Ֆրանսիայի նախկին վարչապետի ներկայացուցիչը։

Կոպեի համախոհները կարծում են, որ ընտրություններում տեղ գտած խախտումները ուսումնասիրող հատուկ հանձնաժողովն առայժմ բավական է։ Ֆիյոնի կողմնակիցներն այն ոչ լեգիտիմ են համարում։

Հիշեցնենք, որ «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության առաջնորդի ընտրությունները տեղի ունեցան նոյեմբերի 18-ին։ Սկզբում երկու թեկնածուներն էլ՝ և՛ Ֆրանսուա Ֆիյոնը, և՛ Ժան Ֆրանսուա Կոպեն, չսպասելով պաշտոնական արդյունքների հրապարակմանը, հայտարարեցին իրենց հաղթանակի մասին։ Ապա հայտարարվեց, որ հաղթել է Կոպեն, սակայն հետո պարզվեց, որ անդրծովյան դեպարտամենտների ձայները մոռացել են հաշվել, իսկ եթե դրանք հաշված լինեին, հաղթող կլիներ Ֆիյոնը։ Երկու կողմերը միմյանց մեղադրեցին մեքենայությունների և կեղծումների մեջ։