Ասելիք ունեցողին հեռուստաեթեր տրվում է. Բ.Նավասարդյան

Այս պահին բոլորը սպասում են ԲՀԿ-ի որոշմանը՝ թե նա ում կսատարի կամ կսատարի արդյոք, սակայն պետք է նշել, որ քաղաքական իրավիճակն ընդհանուր առմամբ էլ բավական անորոշ է. «Արմնյուզ» հեռուստատեսության «Բանաձև» հաղորդաշարի տաղավարում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ով օրերս է ամփոփել հեռուստա-ռադիոհաղորդումներում նախագահական ընտրությունների լուսաբանման մոնիթորինգի արդյունքները՝ արձանագրելով, որ այս անգամ ընտրությունները լուսաբանվում են անաչառ:

Ըստ նրա՝ այսօր շրջանառվում է 33 մարդու անուն՝ որպես նախագահի հավանական թեկնածու, և «ինչ-որ չափով բնական է, որ լիովին հավասարաչափ լուսաբանում լինել չէր կարող», սակայն ընդհանուր առմամբ կարելի է արձանագրել, որ նախկին ընտրությունների «առերես-ձևական» օբյեկտիվությանը հակառակ, «այս անգամ, իրոք, ընտրությունների լուսաբանումը հավասարաչափ է»: «Ես նկատի ունեմ, որ յուրաքանչյուրն, ով ասելիք ունի, կարող է այդ ասելիքը հնչեցնել հեռուստաեթերից. նույնը կարող եմ ասել նաև ռադիոյի մասին»,- ասաց նա:

Նավասարդյանը նշեց, որ այսօր առավել զգալի է դարձել ռադիոյի դերը քաղաքական ոլորտում, մինչդեռ մեկ տարի առաջ դիտարկվում էր, թե այն առավել ժամանցային-երաժշտական դառնալու ուղին է բռնել:

Իր դիտարկմամբ ՝ հայաստանյան եթերում քաղաքական բանավեճը չի կայանում: «Ես հասկանում եմ, որ շատերը չեն ուզում խորանալ իրենց քաղաքական ծրագրերում, հաճախ այդ ծրագրերը գոյություն էլ չունեն: Բայց առավել հաճախ հեռուստատեսությունները չեն կարողանում բերել համապատասխան մարդկանց և խոսեցնել այնպես, որ նրանք խոսեն հենց խնդիրների մասին: Առանձին դեպքերում մարդիկ ինչ-որ հետաքրքիր բաներ ասում են, սակայն դրանց չի տրվում պատասխան, դրանց չեն հակադարձվում, դրանք չեն դառնում բանավեճերի, քննարկումների առարկա»,- նշեց Նավասարդյանը:

Հեռուստատեսությունն այսօր այլևս չունի իր երբեմնի վստահությունը: «Երկարատև անհաջողություններից հետո ձեռք բերել ընտրողների վստահությունը, բարդ է. նաև ունենալով մենաշնորհային դիրք՝ հեռուստատեսությունն այսօր շատ լուրջ մարտահրավերների առաջ է՝ կամ վերադառնալ իր լուրջ դիրքին, կամ վերջնականապես դառնալ ժամանացային-հումորային»,- ասաց նա՝ որպես «լուրջ դիրքերի» վերականգնման ամեահարմար միջոց մատնանշելով այս նախընտրական շրջանում հեռուստաբանավեճեր կազմակերպելը: