Օմբուդսմենը գործարարներին համագործակցության է հրավիրում

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հարկային ոլորտի փոփոխությունների ոչ բավարար հանրային քննարկումներին անդրադառնալով՝ հրավիրել է գործարարներին միասին դիտողություններ ու առաջարկներ ներկայացնել այս ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ:

«Օրեր առաջ ՀՀ Կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության հարկային ոլորտի մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 16 օրենքների նախագծերը, որոնք անդրադառնում են այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են ավելացված արժեքի հարկի գծով հար­կա­յին հարաբերությունները, որոշ ապրանքների ակցիզային հարկի հաշվարկումն ու վճարումը, նոր եկամտային հարկային համակարգի ներդրումը, սուբյեկտների համար հարկման համակարգի փոփոխությունը և այլ խնդիրներ:

2011 թվականի իր տարեկան զեկույցում Պաշտպանն արդեն անդրադարձել է հարկային ոլորտում կատարված հապճեպ և ոչ բավարար հանրային քննարկումներով կատարված օրենսդրական փոփոխություններին, որոնք լուրջ խնդիրներ էին առաջացրել տնտեսվարողների համար։

Հետագայում թերի օրենքներից խուսափելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով, որ վերոնշյալ օրենքների փաթեթը վերաբերում է անձանց սոցիալ-տնտեսական իրավունքներին՝ Պաշտպան Կարեն Անդրեասյանը առաջարկում է բոլոր գործարարներին, անհատ ձեռներեցներին և այլ շահագրգիռ անձանց նշված օրենսդրական փոփոխությունների և լրացումների վերաբերյալ իրենց դիտողությունները և/կամ առաջարկությունները մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանին»,- նշել է ՄԻ պաշտպանը:

Մեկնաբանել