«Նաիրիտ»-ի հարցում կառավարությունը պիտի շտապի. նախկին տնօրեն

«Նաիրիտ» գործարանի անցյալի մասին այսօր «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում հետաքրքիր մանրամասներ պատմեց և կանխատեսումներ արեց «Նաիրիտ» գործարանի 2005-2007թթ. տնօրեն Կարեն Իսրայելյանը:

«Այսօր աշխատողները գիտակցում են, որ եթե մի քանի տարի նստեն տանը և ստանան, այսպես ասած, թոշակ, մի օր ուղղակի քայքայվելու է այս գործարանը լիովին, և պետությունն այլևս չի վճարելու իրենց»,- նշեց նա՝ ափսոսանք հայտնելով, որ այս ինքնատիպ և Հայաստանում միակ քիմիական գործարանը նորմալ չի գործարկվում:

Նա թվարկեց այն արտերկրյա կազմակերպություններին, որ գնել են «Նաիրիտ»-ը, ներդրումներ չեն կատարել, տապալել են աշխատանքը, նրանց հետ պայմանագիրը չեղյալ է հայտարարվել, գնացել են: «2004թ-ին գործարանը պարտքերի դիմաց վերցրեց էներգետիկայի նախարարությունը, ու կարող եմ ասել, որ այդ երեք տարին գործարանն աշխատեց, նորմալ արտադրանք թողարկեց»,- ասաց նա:

2007թ-ին կրկին վաճառվել է «Նաիրիտ»-ը, և գնորդը ոչ մի լումա չի ներդրել, և «հիմա իր սիրտը չի ցավում գործարանի համար՝ կաշխատի, չի աշխատի, ինչ կլինի»: Իսրայելյանի գնահատմամբ՝ այս գնորդի հետ կնքված պայմանագիրը բավական շահավետ էր, սակայն այն չիրականացավ. ըստ պայմանագրի՝ գնորդը պիտի $120 մլն-ի ներդրում կատարեր, հակառակ դեպքում պետությունն այն պիտի վերցներ այդ կազմակերպության ձեռքից: «Թե ինչու չգործեց այդ երկրորդ կետը, չեմ կարող ասել»,- նշեց նա:

Նա հիշեցրեց, որ մինչև 2007թ. «Նաիրիտ» գործարանի արտադրանքը սպառում էր միայն «Ինտեր-կաուչուկ» ընկերությունը, թեպետ այլ ցանկացողներ ևս կային: Ըստ նրա՝ «Ինտեր-կաուչուկ»-ն արտադրանքը վերցնում էր բավական էժան, և դրա համար վճարում էր միայն 40 օր հետո, մինչդեռ ձեռք բերված նոր պայմանագրով արտադրանքը վաճառվելու էր շուրջ 7 անգամ ավելի շահավետ պայմանագիր: «Վաճառում էինք բավական էժան, գումարն ուշ էինք ստանում, բայց շահույթով էինք աշխատում: Իսկ նոր պայմանագրով պիտի առաքումն արդեն կատարվեր, բայց դրա նախորդ օրը գործարանը վաճառվեց, գործարքները չեղյալ հայտարարվեցին»,- պատմեց նա:

Իսրայելյանի խոսքով՝ շատ տարօրինակ փաստեր կան պարսկական կողմին պարտք մնացած ինչ-որ $882 մլն-ի մասին: «Ասվում է, թե այդ գումարը ծախսվել է ինչ-որ գովազդային արշավի համար. բայց այդպես չպիտի ասվի, պիտի կետ առ կետ հիմնավորվի նախ, թե կոնկրետ ինչ գովազդի համար ինչ գումար է տրամադրվել»,- նշեց նա՝ հավելելով, որ պայմանագրում մի շարք անհասկանալի ու ակնհայտորեն «սարքած» կետեր էլ կային, և կային կետեր, որոնցով միանգամից կարելի էր հերքել այդ մեղադրանքը, սակայն «Նաիրիտ»-ի իրավաբանները աչք են փակել իրենց ձեռնտու կետերի վրա, իսկ հայկական դատարանը վճիռ է կայացրել՝ հօգուտ պարսկական կողմի բռնագանձելով ավելի քան $4 մլրդ:

« «Նաիրիտ»-ը դարձել է կով, որին առանց կերակրելու մի կողմից կթում են, մյուս կողմից վրայից միսն են քերում-տանում, ուզում են թողնեն միայն ոսկորները»,- ասաց նա:

Հարցին, թե իրականում հիմա ով է այդ գործարանի սեփականատերը՝ Իսրայելյանը նշեց. «Դա հարց է, որի պատասխանը ես չեմ իմացել նույնիսկ տնօրեն եղած ժամանակ: Ես կարծում եմ, որ «Նաիրիտ»-ի աշխատավարձերը դրված են էներգետիկայի նախարարության վրա, քանի որ բաժնետոմսերի 10%-ն իրեն են պատկանում: Իսկ թե այդ գործարանի կարգավիճակն ինչպիսին է՝ ընդհանրապես հնարավոր չի ասել»:

Նա հավաստեց, որ այս գործարանի արտադրանքն ունի մեծ պահանջարկ, քանի որ այն արտադրում է աշխարհի մասշտաբով բարձրորակ կաուչուկ:

Նա հիշեցրեց նաև, որ այս պահին դեռ կարելի է շտկել իրավիճակը, քանի դեռ «Նաիրիտ»-ի նվիրյալ և բանիմաց աշխատողները չեն հեռացել Ռուսաստան, ուր քիմիկների մեծ պահանջարկ կա: «Երկաթի հարցը կարելի է լուծել, հումքի հարցը կարելի է միշտ լուծել, բայց որակյալ կադրերի խնդիրը տարիների խնդիր է»,- նշեց նա՝ հավաստելով, որ այս պահին գործարանի ճակատագիրն ամբողջապես կախված է ՀՀ կառավարության խելամիտ և արագ կողմնորոշումից:

Մեկնաբանել