Ցուցարարները Եվրախորհրդարանի շենքը գրոհել են կաթով

Եվրոպայի կաթ արտադրող ձեռնարկատերերի՝ կաթի ընդունման ցածր գների դեմ բողոքի ակցիան Եվրախորհրդարանի շենքի դիմաց երեկ երեկոյան վերաճել է ոստիկանության հետ բախման. հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Դեռ առավոտից Եվրախորհրդարանի շենքը պարսպվել էր «ոզնիներով» ու փշալարերով: Խորհրդի այցելուներն ու աշխատակիցները շենք են մտել նեղլիկ անցումով: Կառույցի շուրջ սահմանվել է հսկողություն ուժեղացված ռեժիմով, պատրաստ էին պահվում նաև խիտ, տաք գոլորշով տարաները: Նկատի է առնված, որ ակցիան նախատեսված է անցկացնել երկու օր:

Կաթ արտադրողները, որ Բրյուսել են եկել Բելգիայի շրջաններից, ինչպես նաև՝ Ֆրանսիայից, Նիդեռլանդներից ու Գերմանիայից շուրջ 800 տրակտորով, ըստ կազմակերպիչների, փակել են ԵՄ-ի մայրաքաղաքի մի շարք փողոցներ, նաև՝ բրյուսելյան օդակայանի մուտքը: Ակցիային մասնակցելու են եկել նաև ավտոբուսներով: Ըստ Բրյուսելի ոստիկանության՝ այժմ ցույցին մասնակցում է շուրջ 2 հազ. կաթ արտադրող:

Առավոտից բողոքող ցուցարարները երեկոյան Եվրախորհրդարանի շենքը ցողել են շուրջ 15 հազ. լիտր կաթով: Ոստիկանությունը չի արգելել նրանց կաթ լցնել խորհրդարանական շքամուտքին և ներս նետել բազմաթիվ «կաթնային ռումբեր», սակայն երբ փորձել են անցնել կառույցի ներքին բակ, նրանց ցրել են ջրցաններով ու արցունքաբեր գազով:

Ցուցարարները հրդեհել են Եվրախորհրդարանի շենքի մոտ կայանված մի քանի ավտոմեքենաների անվադողերը: Ոստիկանության հետ բախումները շարունակվում են:

Մեկնաբանել