Երեկ «Նաիրիտի» աշխատակիցները բողոքի երթով գնացել էին ՀՀ նախագահի նստավայր՝ բողոքելու իրենց չվճարված աշխատավարձերի համար: Շուրջ տասը օր առաջ «Նաիրիտի» աշխատակիցները պետք է ստանային աշխատավարձ, սակայն դրանց վճարման ձգձգումը գործարանի աշխատակիցներին, ընդ որում՝ ոչ միայն շարքային, այլև վարչական աշխատակիցներին, ստիպել էր գնալ նախագահի նստավայրի մոտ։ Աշխատակիցներին խոստացել են մարել 11 ամսվա աշխատավարձի պարտքը, լավագույն դեպքում՝ երեք ամսվա պարտքը։ Աշխատավարձը նորից վճարվելու է վարկերի և փոխառությունների հաշվին՝ է՛լ ավելի բարդացնելով քիմիական հսկայի ֆինանսական վիճակը։
Նաիրիտցիները պահանջում էին ոչ միայն աշխատավարձը, այլև գործարանի ճակատագրի հստակեցում: Նրանց չհաջողվեց իրենց մտահոգող խնդիրները հասցնել նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ նա առավոտյան երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Լիբանան։ Նրանց մոտեցել է նախագահի աշխատակազմի աշխատակիցն ու խոստացել, որ այս շաբաթ աշխատակիցներին կվճարվի մեկ ամսվա աշխատավարձը, իսկ դեկտեմբերի կեսին՝ մեկ կամ երկու ամսվա աշխատավարձ։
«Օրակարգի» աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն տևական ժամանակ է՝ «Նաիրիտի» աշխատակիցները իրենց ամսական հասանելիք աշխատավարձը ստանում են երկու ամիսը մեկ՝ կառավարության անմիջական մասնակցությամբ, երբ վերջինը «բարեխոսում» է, որ առևտրային բանկերը վարկ տրամադրեն գործարանին կամ պետական ընկերություններին, մասնավորապես Երևանի ջէկին՝ փոխառություններ։
Հասկանալի է, որ «Նաիրիտի» ֆինանսական ներկա խնդիրների պայմաններում գործարանի տնօրինությունը չի կարողանա կատարել նախագահի աշխատակազմի աշխատակցի խոստումները։ Աշխատավարձերի վճարման հարցում նորից լինելու է կառավարության միջամտությունը, և գործարանը նորից պետք է մտնի վարկային բեռի տակ։ «Նաիրիտում» աշխատավարձի ամսական ֆոնդը կազմում է մոտ $1 մլն։
Կառավարության մեղքի բաժինը
«Նաիրիտում» ստեղծված անմխիթար վիճակի հարցում մեղքի մեծ բաժին ունի կառավարությունը։ 2006թ. կառավարության որոշումներով՝ «Նաիրիտի» բաժնետոմսերի 90%-ը վաճառվել էր Մեծ Բրիտանիայում գրանցված օֆշորային Rhinoville Property Limited ընկերությանը։ Վերջինս գործարանի բաժնետոմսերի գնման և ընթացիկ ֆինանսական խնդիրների լուծման համար ԱՊՀ Միջպետական բանկից ներգրավել էր $70 մլն վարկային միջոցներ, որոնք պետք է մարեր մինչև 2011թ. դեկտեմբերի 27-ը։ Վարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով գործարանի բաժնետոմսերի 90%-ը անցել է ԱՊՀ Միջպետական բանկին, 10%-ը պատկանում է էներգետիկայի է բնական պաշարների նախարարությանը։
Անցած տարի «Նաիրիտի» և ԱՊՀ միջպետական բանկի կողմից պատրաստվել էր «2011-2019 թթ. «Նաիրիտի» զարգացման և վերակառուցման» ծրագիր։ Քիմիական հսկայի արդիականացումն ընդհանուր առմամբ գնահատված է $512 մլն։ Բայց զարգացման ծրագրի ներդրումային գումարից ընդամենը $367 մլն-ն է ուղղվելու գործարանի արդիականացմանը. $146 մլն-ը պետք է ուղղվի պարտքերի մարմանը, այդ թվում՝ ԱՊՀ Միջպետական բանկի $100 մլն-ը՝ պարտավորությունների վերաֆինանսավորմանը, $46 մլն-ը՝ գործարանի ընթացիկ պարտքի վերաֆինանսավորմանը։ Ծրագրի իրականացման համար ֆինանսավորման աղբյուր էր դիտարկվում ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային ֆոնդից $400 մլն վարկը, որն այդպես էլ չհաստատվեց։
«Նաիրիտով» հետաքրքրված է նաև ռուսական գազանավթային «Իտեռա» ընկերությունը: Մայիսին ընկերության պատվերով՝ բրիտանական Jacobs Consultancy Limited խորհրդատվական ընկերությունը գործարանում իրականացրել է աուդիտ, որի արդյունքները արդեն ներկայացվել են «Իտեռային»։ «Իտեռայի» կողմից «Նաիրիտի» կառավարման և արդիականացման ծրագրի իրականացման հարցում, սակայն, հիմնական խնդիրը ֆինանսական է։ Արդիականացման համար անհրաժեշտ միջոցներ ներգրավելու հարցերը «Իտեռան» քննարկել է Հայաստանի կառավարության հետ, բանակցել է ռուսական «Գազպրոմբանկի» հետ։
Ֆինանսական տխուր պատկեր
Մինչ ՀՀ կառավարությունը կազմակերպում է քննարկումներ և «Նաիրիտի» վերաբերյալ վերջնական որոշում չի կայացնում, գործարանում ֆինանսական խնդիրները գնալով խորանում են։ Այսպես՝ ընկերության 2011թ. ֆինանսական հաշվետվության համաձայն՝ անցած տարի «Նաիրիտի» վնասը կազմել է մոտ Դ20,5 մլրդ, իսկ վերջին չորս տարվա ընթացքում (որից մոտ երկու տարի ընկերությունը չի գործել), գործարանը կուտակել է մոտ Դ90 մլրդ-ի վնասներ։
Կառավարությունն ընկերությանը գցել է պարտքային «ծուղակի» մեջ։ Ընկերության ֆինանսական հաշվետվությունից երևում է, որ 2010թ. վերջի դրությամբ ընկերության առևտրային և կրեդիտորական պարտքը կազմում էր Դ17,6 մլրդ, ինչը մեկ տարվա ընթացքում ավելացել է մոտ Դ4 մլրդ-ով։ Այդ գումարի Դ2 մլրդ-ը գոյացել է հարկային պարտավորությունների գծով, Դ1,5 մլրդ-ը՝ աշխատակիցների աշխատավարձերի գծով։ Անցած տարի Դ0,5 մլրդ-ով ավելացել են ընկերության վարկերի և փոխառությունների գծով ծախսերը՝ կազմելով Դ4 մլրդ։ (Անցած տարվա վերջին ընկերության վարկային պարտավորությունների ծավալը կազմել է Դ51 մլրդ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով մոտ Դ10 մլրդ-ով)։
2011թ. «Նաիրիտը» մոտ Դ2,5 մլրդ-ի դոլարային և դրամային միջոցներ՝ տարեկան 12% տոկոսադրույքով, ներգրավել է Երևանի ջէկից։ Ֆինանսական ծանր վիճակում գտնվող «Նաիրիտը» չի կարողացել կատարել իր պարտավորությունները «Հայբիզնեսբանկի» առջև՝ ներգրաված Դ1 մլրդ ընդհանուր արժեքով երկու վարկերի գծով։ Այդ երկու դոլարային վարկերը պետք է մարվեին 2011թ., բայց քանի որ գործարանը դա չի կարողացել անել, վարկերի նախկին 11% և 12% տարեկան տոկոսադրույքները կտրուկ ավելացել են մինչև 24% և 26%՝ համապատասխանաբար։ Անցած տարվա վերջին բանկին վարկի բալանսային արժեքը արդեն կազմել էր Դ1,9 մլրդ։