Գազային թնջուկ

Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի շուրջ երկու երկրները համաձայնության են եկել հիմնական սկզբունքների շուրջ, մնում են տեխնիկական դետալները: Այս մասին ռուսական «Ինտերֆաքսին» ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշել է, որ ռուսական կողմի հետ բանակցությունները կավարտվեն մինչև տարեվերջ: Վարչապետն ասել է, որ գազի գնի փոփոխությունը կկատարվի համաշխարհային կոնյունկտուրային համապատասխան:

Գազի գնի մասին պարբերաբար հայտարարություններ է անում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Ըստ նրա՝ Հայաստանը ռուսական գազը ձեռք է բերում $180/1000 խմ գնով, մինչդեռ Պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ այս տարվա երրորդ եռամսյակում 1000 խմ գազի մաքսային արժեքը կազմել է $244:

Դեռ մայիսին «Գազպրոմում» «Օրակարգին» տեղեկացրել էին, որ գազի գնի շուրջ բանակցություններն ավարտվել են, և ստորագրվել է համապատասխան համաձայնագիր:

Վարչապետի հայտարարությունը թերևս վերաբերում է 2013թ. Հայաստան ներկրվելիք ռուսական գազի գնին: Վարչապետի հարցազրույցից ակնհայտ է, որ գինը բարձրանալու միտում ունի: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ այն ավելի բարձր կլինի, քան ներկայում Պետեկամուտների կոմիտեի արձանագրած $244-ը:

Անշուշտ, գազի թեման ձմռան ամիսներին և հատկապես փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ զուտ տնտեսական կամ առևտրային թեմա չէ: Դրա սոցիալական և տնտեսական բաղադրիչն այնքան մեծ է, որ այն կարող է քաղաքական ազդեցություն ունենալ ընտրությունների ընթացքի վրա:

Թերևս բոլորն են գիտակցում, որ Հայաստանի համար գազն անխուսափելիորեն թանկանալու է: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ վերջին հինգ տարիներին ոչ միայն չի եղել բնակչության եկամուտների աճ, այլև ընդհակառակը, ավելի է վատացել սոցիալ-տնտեսական վիճակը: Բնականաբար, գազի գնի բարձրացման մասին հայտարարությունը կարող է լուրջ նախընտրական հարված լինել Սերժ Սարգսյանին:
Արդեն տևական ժամանակ է, ինչ խոսվում է, որ բնակչությանը մատակարարվող գազի գինը չբարձրացնելու համար կառավարությունը հրաժարվելու է «ՀայՌուսգազարդում» իր 20% բաժնեմասի մոտ կեսից՝ այն փոխանցելով «Գազպրոմին»:

Թե ինչպես կավարտվի գազային այս թնջուկը, թերևս կիմանանք առաջիկայում: Սակայն մի բան հայտնի է՝ Հայաստանի իշխանությունները խուսափում են բաց խոսել այս խնդրի մասին: