Time-ի «Տարվա մարդ» անվանակարգում են պակիստանցի դպրոցականը, Pussy Riot-ը, մարսագնացը

Ռուսաստանյան Pussy Riot փանք խմբի մասնակիցներն ընդգրկվել են Time ամսագրի «Տարվա մարդ» մրցանակի թեկնածուների ցանկում: Հաղթողին կորոշի խմբագիրների խորհուրդն ու ընթերցողները:

«Այն ժամանակ, երբ ճնշված էին ազատության ու այլախոհության բազմաթիվ ձայներ, Pussy Riot ֆեմինիստական փանք խմբի մասնակիցները իսկապես թանկ վճարեցին իրենց քաղաքական հայացքների արտահայտման համար»,- գրել է պարբերականը:

Ամսագրի կայքում բաց քվեարկության ընթացքում խմբագրական խորհրդի հետ անվերապահորեն համաձայնել է ընթերցողների 34%-ը, մինչդեռ 66%-ը կտրականապես դեմ է արտահայտվել թեկնածուների ցանկում փանք խմբի ընդգրկմանը:

2012թ. «Տարվա մարդ» անվանակարգում ռուսաստանյան փանք խումբը մրցում է ԱՄՆ, Եգիպտոսի և Սիրիայի նախագահներ Բարաք Օբամայի, Մուհամադ Մուրսիի և Բաշար Ասադի հետ (բավական բարձր է նաև վերջինիս բացասական վարկանիշը): Ցանկում են նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու անվանի լողորդ, օլիմպիական չեմպիոն Մայքլ Ֆելփսը:

Ներկայում ամենաշատ համակրանքն ու ամենաքիչ «դեմ» ձայներն ունի 15-ամյա պակիստանցի Մալալա Յուսուֆզայը: Աղջիկը բլոգ է վարել այն մասին, որ երազում է առանց վախի հաճախել դպրոց, որտեղ «Տալիբան» շարժումը շարիաթի օրենքներ է սահմանել: Մալալայի օրագրերը հավանության են արժանացել նրա գաղափարակիցների շարքում և հարուցել արմատականների դժգոհությունը: Հոկտեմբերին տալիբները բռնի ուժով աղջկան իջեցրել են դպրոցական ավտոբուսից և հրապարակայնորեն պատժել նրան: Գլխի ծանր վնասվածքներ ստացած Մալալային փրկել են բժիշկները, որից հետո պակիստանցի աղջիկը դարձել է արիության ու քաջության խորհրդանիշ:

Time-ի «Տարվա մարդ» անվանակարգում մարդկանց հետ մրցում է նաև Curiosity մարսագնացը, որն այս տարի NASA-ի նախագծի շրջանակում ուղարկվել էր Մարս: Curiosity-ի «կողմ» և «դեմ» ձայները գրեթե հավասար են:

Եվս մեկ թեկնածու է ապօրինի ներգաղթյալի հավաքական կերպարը, որի դերն ԱՄՆ-ում և՛ ընթերցողները, և՛ խմբագրական խորհուրդը բավական նշանակալի են համարում:

2011թ. զանգվածային բողոքի ելույթներից ցնցվող աշխարհում Time-ը «տարվա մարդ» էր ճանաչել իշխանությունների հետ անհամաձայն, ընմբոստ քաղաքացու հավաքական կերպարը: