Վրացի մաքսավորները խնդիրներ են հարուցում հայկական բեռնատարների համար

Վրացական «Սադախլո» մաքսակետում հայկական բեռնատարների հերթ է գոյացել: Տարանցիկ բեռներ փոխադրող հայկական բեռնատարներից վրացի մաքսավորները պահանջում են 2000 լարի (մոտ $1200) տուգանք վճարել՝ բեռների քաշի անհամապատասխանության և այլ պատճառաբանություններով: Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը Սադախլոյից, ներկայում ավելի քան տասը բեռնատար՝ ապրանքներով բեռնված, անորոշ սպասում է վրացի մաքսավորների որոշմանը:

Հայաստանի միջազգային փոխադրողների TIR ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը ՍիվիլՆեթին ասաց, որ իրենք արդեն տեղյակ են ծագած խնդրին և սահմանային անցակետ մարդ են ուղարկվել՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:

Մեկ այլ ասոցիացիայի՝ Հայաստանի բեռնափոխադրողների և էքսպեդիտորների ասոցիացիայի նախագահ, «Սաթի» միջազգային բեռնափոխադրող ընկերության տնօրեն Մակար Առաքելյանը ՍիվիլՆեթին ասաց, որ երեկվա դրությամբ հայ-վրացական սահմանին բեռների փոխադրման հետ կապված խնդիր չի եղել: «Ինչ վերաբերում է այսօր ծագած խնդրին, ներկայում փորձում ենք հստեկեցնել իրավիճակը»,- ասաց նա:

«Հայկական մաքսատանը մենք պատշաճ ձևով անցել ենք բոլոր ստուգումները, և մեզ թույլատրվել է շարունակել ճանապարհը: Մինչդեռ վրացի մաքսավորները անհիմն պահանջներ են ներկայացնում՝ պահանջելով վճարել 2000 լարի տուգանք, նոր միայն շարունակել ճանապարհը»,- ասաց բեռնափոխադրող «Ավանգարդ Տրանս»ընկերության տնօրեն Ահարոն Խլղաթյանը՝ նշելով, որ եթե վրացի մաքսավորները բեռի պարունակության և թղթաբանության հետ կապված կասկածներ ունեն, ապա պարտավոր են բեռը դատարկել և ստուգել, նոր միայն տուգանք պահանջել: Ժամը 15։00-ի դրությամբ խնդիրը դեռ լուծված չէ:

Խլղաթյանի խոսքով՝ վրացական մաքսատան աշխատակիցներն ասել են, որ այդ խնդիրը պետք է լուծվի երկու երկրների տրանսպորտի գերատեսչությունների մակարդակով: Ըստ նրա՝ 17 բեռնատար արդեն տուգանք է վճարել:

Բեռնատարներից շատերը փչացող ապրանքներ, հիմնականում՝ միրգ և բանջարեղեն են տեղափոխում Ռուսաստան: Բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներն ասում են, որ վրացական մաքսատան աշխատակիցները փոխվել են Վրաստանում իշխանափոխությունից հետո: