«Հայոց պատմության» դասագիրքը զերծ է պատմաբանի սուբյեկտիվ մոտեցումներից. ԵՊՀ

ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը հայտարարություն է տարածել, ըստ որի` «Հայոց պատմություն» բուհական դասագիրքը շարադրվել է միմիայն փաստական տվյալների հիման վրա, իսկ «Հակահարված art» խմբի հետ կապված միջադեպը լավ կազմակերպված սադրանք է:

Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Վերջին օրերին Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում բուռն քննարկվում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի կողմից պատրաստված և 2012թ. ԵՊՀ հրատարակչության կողմից հրատարակված «Հայոց պատմություն» բուհական դասագրքի` 2008թ. ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակահատվածին վերաբերող հատվածը, որի հեղինակը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանն է:

Քննարկումների խորապատկերում, բացի պատմագիտական դիտարկումներից, հարցը, ցավոք, քաղաքականացվում է և նույնիսկ տեղափոխվում անձնական վիրավորանքների հարթություն: Պատահական չէ նաև այս օրերին նույն ֆակուլտետում տեղի ունեցած միջադեպը, երբ «Հակահարված art» երիտասարդական խմբի մի քանի ակտիվիստներ բացառապես քաղաքական կոչերով մուտք են գործել հենց ԵՊՀ պատմության ֆակուլտետ, խաթարել ուսումնական բնականոն գործընթացը, հրահրել քաշքշուկ և սադրանքի մեջ ներքաշել ֆակուլտետի դեկանին ևս: Ինչ խոսք, այս միջադեպը ոչ այլ կերպ, քան լավ կազմակերպված սադրանք չենք կարող որակել:

ԵՊՀ հրատարակչության կողմից այս տարի հրատարակված շուրջ 850 էջ ծավալ ունեցող կոլեկտիվ աշխատությունը ներկայացնում է հայոց պատմության իրողությունները` հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Ներկայումս մի շարք զանգվածային լրատվական միջոցներով և սոցիալական ցանցերով ծավալվող քննարկումները դուրս են քաղաքակիրթ բանավեճի միջավայրից, հարիր չեն ուսումնագիտական աշխատության քննարկումների բնույթին և հիշեցնում են միջնադարյան ինկվիզիցիայի, ֆաշիստական Գերմանիայի և ստալինյան բռնապետության ժամանակաշրջաններում առկա իրողությունները, երբ հալածանքի էին ենթարկվում մտավորականները, խիստ գրաքննվում ու զանգվածաբար այրվում էին գրքերը:

Քաղաքակիրթ գործելաոճը ենթադրում է համապատասխան գրախոսության, հակընդդեմ գիտական աշխատության, հրապարակախոսական հոդվածի լույսընծայում, ինչպես նաև գիտական միջավայրում քննարկումներ խնդրահարույց թեմայի շուրջ: Ի դեպ, ԵՊՀ գիտական պարբերականներն ու թերթը մշտապես բաց են գիտական հակընդդեմ հրապարակումների համար:

Ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ վերոհիշյալ դասագիրքը, այդ թվում` նաև շահարկվող հատվածը շարադրվել են միմիայն փաստական տվյալների հիման վրա և զերծ են պատմաբանի սուբյեկտիվ մոտեցումներից: Եվ այս համատեքստում ակնհայտ է, որ հարցը շահարկվում է միմիայն քաղաքական նկատառումներով, կատարվում է նաև անթույլատրելին` քննարկումներում ներքաշվում են նաև մարտի 1-ի զոհերի հարազատները, հարցը տեղափոխվում է անձնական վիրավորանքների դաշտ:

Մենք հետամուտ ենք լինելու, որ ԵՊՀ-ի և նրա աշխատակիցների բարի համբավն ու արժանապատվությունը ոտնահարող ցանկացած փորձ արժանանա իրավական և բարոյական համապատասխան գնահատականի»: