Մաքսային միությունը մոտ է միասնական արժույթի ներդրմանը. Տ. Սարգսյան

Հայաստանը հետաքրքրված է ԱՊՀ-ի և ԵվրԱզԷՍ-ի շրջանակում ինտեգրացիոն գործընթացներով, ռուսական «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում այսպիսի տեսակետ է հայտնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Վերջերս բուռն քննարկումներ են ծավալվել, թե ինչպիսին պետք են լինեն հարաբերությունները ԱՊՀ-ի, ԵվրԱզԷՍ-ի և Եվրամիության միջև: Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովին Վլադիմիր Պուտինը հստակ ձևակերպում տվեց, որին կողմ ենք նաև մենք. այս գործընթացները չի կարելի միմյանց հակադրել, դրանք պետք է որպես փոխլրացնող դիտարկել: Սա համահունչ է նրան, ինչն ընկած է մեր դոկտրինայի հիմքում: Այսօր մեր առաջնահերթությունն ազատ առևտրի համապարփակ գոտու մասին համաձայնագիրն է: Մենք ցանկանում ենք այն ստորագրել 2013թ., թեև մեր եվրոպացի գործընկերները կարծում են, որ այն կլինի 2014թ.»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով` Հայաստանը չի սահմանակցում Մաքսային միությանը, ուստի պետք է համագործակցության մեխանիզմ մշակել:

«Մենք ձևավորել ենք աշխատանքային խումբ, որը մեզ կօգնի պարզել այս հարցը: Կարծում եմ` Մաքսային միությունը չափազանց մոտ է միասնական արժույթի ներդրմանը: Անհրաժեշտ է համաձայնեցված դրամավարկային և բյուջետային քաղաքականության ընդամենը հինգ տարի: Դա ձեռնտու է թե´ Ռուսաստանին, թե´ Ղազախստանին, թե´ Բելառուսին: Համոզվածություն կա, որ այս երկրների զարգացման մակարդակները նման են, նրանք մտադիր չեն ապրել մյուսների հաշվին»,- ասել է վարչապետը` հավելելով, որ միասնական արժույթը հարմար է թե´ տնտեսավարող սուբյեկտների, թե´ քաղաքացիների համար:

Անդրադառնալով «Հայրենակիցներ» ծրագրին` վարչապետը նշել է, որ Հայաստանն առանց այդ էլ ժողովրդագրական խնդիր ունի, և սահմանամերձ շրջաններից բնակչության արտագաղթը կհարվածի երկրի շահերին:

«Մեր ռազմավարական գործընկերը չպետք է իրականացնի մեր շահերին հարվածող գործողություններ: Մենք ամրագրել ենք այս հստակ դիրքորոշումը մեր արձանագրություններում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Մեկնաբանել