Միջազգային հիմնադրամները դադարեցնում են Խոսրովի արգելոցի ֆինանսավորումը

«Կովկասի բնության հիմնադրամը» և «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը» դադարեցնում են իրենց ֆինանսական աջակցությունը «Խոսրովի անտառ» արգելոցին և բնապահպանության նախարարից պահանջում են չեղյալ համարել արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասացին «Կովկասի բնության հիմնադրամ» Հայաստանի ազգային համակարգող Արման Վերմիշյանը և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:

Նշենք, որ «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցել է միայն Գաբրիել Պողոսյանը: Մրցույթի արդյունքում հայտարարվել է, որ նա ճիշտ է պատասխանել հարցաշարի 85%-ին:

«Այն անձը, ով անցավ ու հավաքեց 85%, չունի մասնագիտական կրթություն, ինչը որ պահանջվում է ՊՈԱԿ-ների մասին օրենքով: Արգելոցը գիտական կենտրոն է, պետք է ղեկավարն ունենա համապատասխան կրթություն»,- ասաց Կարեն Մանվելյանը` կոչ անելով մրցույթի արդյունքները չեղյալ հայտարարել:

«Ես դիտորդի կարգավիճակով հետևել եմ մրցույթի ամբողջ ընթացքին: Իմ կարծիքով` այդ մրցույթը հեռու էր մրցույթ լինելուց»,- ասաց Արման Վերմիշյանը` հավելելով, որ իր հաշվարկներով այդ մարդը հարցաշարի նույնիսկ 75%-ին չէր կարող ճիշտ պատասխանել:

Բանախոսները հույս հայտնեցին, որ իրենց հայտարարությունները նախարարին կսթափեցնեն, հակառակ դեպքում` իրենք կդիմեն դոնոր կազմակերպություններին` իրենց միանալու համար:

Մեկնաբանել