Սերժ Սարգսյանն այցելել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն

Նախագահ Սերժ Սարգսյանը Լիբանանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր այցելել է Անթիլիաս, որտեղ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից: 

Մինչ հանդիպումը Սերժ Սարգսյանը և Ռիտա Սարգսյանը Կաթողիկոսի ուղեկցությամբ այցելել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճար, այնուհետ՝ մայրավանքի հարևանությամբ կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մատուռ: Նախագահը մատուռի մոտ ծաղկեպսակ է դրել և իր գլխավորած պատվիրակության անդամների հետ միասին հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Անթիլիասում համայնքային կառույցների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Սերժ Սարգսյանին պարգևատրել է կաթողիկոսության Կիլիկյան Խաչի բարձրագույն շքանշանով:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նման մեծ պարգևի և պատվի արժանացնելու համար: Հանդիպման մասնակիցներին ուղղված իր խոսքում անդրադառնալով «Հայաստանն ուժեղ է Սփյուռքով, Սփյուռքն ուժեղ է Հայաստանով» կարգախոսին՝ Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այն ոչ միայն կարգախոս է, այլ՝ կենսակերպ: Այդ կարգախոսը, նախագահի խոսքով, պարտավոր ենք բոլորով միասին մեծ ջանքերով ի կատար ածել: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել մեր ազգային իղձերին լիբանանահայ համայնքի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նվիրվածությունը, որն արտահայտվում է կոնկրետ գործերով:

Հանրապետության նախագահը նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը վաղուց միայն հոգևոր կենտրոն չէ, այլ՝ հայապահպանության մի հզոր աղբյուր, որի կենարար ազդեցությունն իր վրա մշտապես զգում է ողջ հայ ժողովուրդը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ամբողջ հոգևոր դասի գործունեությունը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի գլխավորությամբ. «Մենք մշտապես պատրաստ ենք աջակցելու, սատար կանգնելու ձեզ և, իհարկե, հաճույքով աշխատելու ձեր աղոթքների ներքո: 

Թող Աստված պահի, պահպանի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին, Հայոց աշխարհը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ իր նվիրյալ գահակալով»,- ասել է Սերժ Սարգսյանը: