Ս. Սաֆարյանը պահանջում է չեղյալ հայտարարել ՀՀԿ-ական իր մրցակցի թեկնածությունը

Թիվ 1 ընտրատարածքի ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանն այսօր դիմել է թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողովին` պահանջելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան դատական կարգով վիճարկել և ուժը կորցրած ճանաչել ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսանի թեկնածությունը: Նամակն ամբողջությամբ` ստորև:

Թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողովին

2012թ. դեկտեմբերի 2-ի Ազգային ժողովի
մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ
ընտրություններում «Ժառանգություն»
կուսակցության թեկնածու Ստյոպա
Սերյոժայի Սաֆարյանից

Հասցե` ք. Երևան, Գայի պողոտա 8,
բնակարան 1բ.,
Հեռախոս` 091 77 43 19, 67-42-61

 

Ղեկավարվելով ՀՀ Ընտրական օրենսգքի 26-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթներով` Ձեզ եմ դիմում 2012թ. դեկտեմբերի 2-ի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Ռոբերտ Գուրգենի Սարգսյանի թեկնածության գրանցումը ներքոնշյալ հիմնավորումներով դատական կարգով վիճարկելու և ուժը կորցրած ճանաչելու համար:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված 2012թ. դեկտեմբերի 2-ի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համապատասխան` թիվ 1 ընտրատարածքում գրանցված պատգամավորության թեկնածուները մինչև նոյեմբերի 23-ը ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն են ներկայացրել նախընտրական հիմնադրամներ կատարված մուտքերի և դրանց օգտագործման վերաբերյալ 2-րդ հայտարարագրերը 28.10.2012թ.-23.11.2012թ. ժամանակահատվածի համար: Հիշյալ ժամանակացույցի համաձայն` թեկնածուները 1-ին հայտարարագրերը ներկայացրել էին ամենաուշը մինչև նոյեմբերի 2-ը:

Թեկնածուների կողմից ներկայացված հայտարարագրերի հիման վրա ԿԸՀ  վերահսկիչ-վերստուգիչ ծառայության պատրաստած տեղեկանքի համաձայն` ինքնաառաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Էդուարդ Արտավազդի Պետրոսյանը մինչև օրս նախընտրական հիմնադրամ չի բացել և բացակայում է որևէ տեղեկատվություն նրա կողմից կատարված ծախսերի վերաբերյալ: Մինչդեռ, հիշյալ թեկնածուն ունի նախընտրական մի քանի շտաբ (օրինակ, Մոլդովական և Թոթովենց փողոցների վրա), տպագրել է բուկլետներ և նախընտրական պաստառներ, որոնք համապատասխանաբար բաժանվում են ընտրողներին և փակցվել են  քարոզչական պաստառների համար 10.000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում առանձնացված անվճար տեղերում:  

ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու Ռոբերտ Գուրգենի Սարգսյանը նոյեմբերի 23-ի դրությամբ 2-րդ հայտարարագրով մինչև այդ  օրը իր նախընտրական հիմնադրամ կատարված բոլոր մուտքերի հանրագումար է ներկայացրել է 2.710.000 դրամը, որից` 2.652.080 դրամը ցույց է տրվել իբրև ԸՕ-ի 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար հիմնադրամից կատարված ծախսերի փաստացի չափ: Միաժամանակ այդ նույն գումարը ներկայացրել է թե’ իբրև այդ ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման շուկայական արժեք, թե’ հիմնադրամի միջոցներից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափ: Նոյեմբերի 23-ի դրությամբ թեկնածու Ռոբերտ Սարգսյանի նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները կազմել են 57.920 դրամ:

Ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է. «Թեկնածուները,  համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները,  կուսակցությունների դաշինքները զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների,  տարածքների վարձակալման,  քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի  (ներառյալ` տպագիր նյութերի)  պատրաստման ֆինանսավորման համար օգտագործում են միայն նախընտրական հիմնադրամի միջոցները:  Այդ նպատակով նախընտրական հիմնադրամից կատարվող ծախսերի առավելագույն չափը սահմանվում է սույն օրենսգրքով:  Սույն մասում նկարագրված ապրանքներն ու ծառայությունները, եթե մատուցվել են շուկայական արժեքից պակաս գնով կամ ձեռք են բերվել մինչև նախընտրական հիմնադրամի ձևավորումը, ապա իրենց շուկայական արժեքով ներառվում են  նախընտրական հիմնադրամի ծախսերում»:

Թեկնածու Ռոբերտ Սարգսյանը իր 2-րդ հայտարարագրում նախընտրական հիմնադրամ կատարված մուտքերի և դրանց օգտագործման վերաբերյալ նշել է, թե հիմնադրամ առաջին մուտքը արվել է 1.000.000 դրամ` 25.10.2012թ., երկրորդը`1.500.000 դրամ 07.11.2012թ., և երրորդը` 210.000 դրամ 23.11.2012թ.: Ընդհանուր առմամբ` 2.710.000 դրամ: 

Հիմնադրամի այդ միջոցներից 865.605 դրամը 06.11.2012թ. փոխանցվել է պաստառի լայնաֆորմատ տպագրության համար, ևս 1.409.500 դրամ` գովազդային վահանակների վրա պաստառների տեղադրման, ինչպես նաև` վահանակների տեղադրման համար: 23.11.2012թ. հավելյալ 156.975 դրամ հիմնադրամից փոխանցվել է պաստառի լայնաֆորմատ տպագրության համար: Այս ամենը այն դեպքում, երբ թեկնածուի թվով 12 լայնաֆորմատ պաստառները համապատասխան վահանակներին փակցրել են դեռևս նոյեմբերի 2-ին, մինչդեռ ԿԸՀ սահմանած ժամանակացույցով քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 4-ից: Թեկնածուն նշել է, որ բացի 220.000 դրամը, մնացած 2.432.080 դրամը ծախսել է հենց այս ծառայության համար: Զուգադիպությամբ թեկնածուի պաստառներից մեկը փակցված է Կենտրոնից դեպի Նոր Նորք և Ավան բարձրացող Մյասնիկյան պողոտայի վրա գտնվող «Նուշիկյան ասոցիացիային» պատկանող վահանակի վրա, որտեղ մայիսի 6-ի խորհրդրանական ընտրություններից առաջ փակցված է եղել իմ նախընտրական լայնաֆորմատ պաստառը, և որի համար ես այդ ընկերությանը վճարել եմ շուրջ 280.000 դրամ: Թեկնածու Ռոբերտ Սարգսյանի կողմից 12 այդպիսի վահանակների պարագայում (կրիչով 12 պաստառների նկարները կցված են) ակնհայտ է, որ դրանց շուկայական գնի հանրագումարը գերազանցում է ոչ միայն ցույց տրված արժեքը, այլև ողջ նախընտրական հիմնադրամի միջոցները: Այսպիսով, ակնհայտ է, որ հիշատակված ապրանքի և ծառայության ձեռքբերման համար թեկնածու Ռոբերտ Սարգսյանի ցույց տրված փաստացի չափը նվազեցված է, չի համապատասխանում դրա իրական շուկայական արժեքին և գերազանցում է հիմնադրամի միջոցներից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափին:

Հիշյալ ապրանքից ու ծառայությունից զատ, թեկնածու Ռոբերտ Սարգսյանն իր 2-րդ հայտարարագրում ցույց է տվել, թե նախընտրական բուկլետների տպագրության նպատակով 07.11.2012թ. հիմնադրամից փոխանցել է 120.000 դրամ: Նույնը օրը հիմնադրամից 100.000 դրամ փոխանցվել է Ավան և Նոր-Նորք վարչական շրջաններում տեղեկատվության տարածման համար: Հայտարարագրից պարզ չէ, թե ինչ է հասկացվում դրա տակ, որովհետև բացի լայնաֆորմատ պաստառներից ու բուկլետներից, թեկնածուի քարոզչության հետ կապված ընտրատարածքում ամեն քայլափոխի տեսանելի են նախընտրական շտաբերի վրա փակցված միջին ֆորմատի վահանակներ (որոնց վրա նշված է 35 տպաքանակ, մինչդեռ դրանք ավելի շատ են), նոյեմբերի 22-ից բոլոր բնակարաններում բաժանվում են թեկնածուի հերթական համարն ընդգծող հիշեցման թերթիկներ, և վերջապես` Ավան ու Նոր Նորք վարչական շրջանների բոլոր շենքերում, վերելակների ներսում կամ նրանցից դուրս գովազդային վահանակների վրա համատարած փակցվել են A3 և ավելի մեծ  ձևաչափերի նկարներ: Խոսքը վերաբերում է այդպիսի հազարավոր պաստառների (մի քանի լուսանկարներ կցվում են օրինակի համար): Ակնհայտ է, որ նշված բոլոր ծառայությունների ու ապրանքների փաստացի և շուկայական արժեքները թաքցվում են թեկնածուի կողմից: 

Չնայած այս ամենին, ԸՕ-ի մեկ այլ ակնհայտ խախտում վերաբերում է թեկնածուի նախընտրական շտաբերին ու դրանց թվին: Ոչ 1-ին, ոչ էլ 2-րդ հայտարարագրերում թեկնածուն չի հիշատակել որևէ ծախս նախընտրական շատբերի վարձակալության կապակցությամբ:

Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը ամրագրում է, որ «Ընտրական շտաբները չեն կարող տեղակայվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում  (բացառությամբ այն դեպքերի,  երբ շտաբները զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք),   ինչպես նաև այն շենքերում,  որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները»: Մինչդեռ, քարոզարշավի մեկնարկից ի վեր թիվ 1/11 տեղամասային ընտրական հանձնաժողովի շենքում տեղակայվել է Ռոբերտ Սարգսյանի ընտրական շատաբերից մեկը (տեսանյութը կցվում է): 

ԸՕ-ի այդ հոդվածի հիշյալ մասը նաև պարտադրում է, որ ընտրական շտաբերի թիվը «չի գերազանցում ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը»:  Մեր կողմից թիվ 1 ընտրատարածքում հայտնաբերվել է թեկնածուի առնվազն 50 նախընտրական շտաբ` համապատասխան գրառմամբ: ևս մեկ անգամ ընդգծենք, որ դրանց վրա փակցված ցուցանակները վրա իբրև տպաքանակ նշված է 35-ը, ինչպես նաև նախկինում թեկնածուի թիմի ներկայացուցիչները նույնպես դա հայտարարել են իբրև շտաբերի ընդհանուր թիվ` նվազեցնելով դրանց իրական թիվը: Ռոբերտ Սարգսյանի 50 ընտրական շտաբերի լուսանկարնեը կրիչով և դրանց հասցեների ցուցակը կցվում է:

Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ կետն ամրագրոմ է. «Նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտման դեպքում, որը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա,  եթե այն կատարել է թեկնածուն,  համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունը,  կուսակցությունների դաշինքը, ապա թեկնածուին,  կուսակցության,  կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցած հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուի, կուսակցության, կուսակցության դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար»:

Թեկնածու Ռոբերտ Սարգսյանի և նրա կողմնակիցների կողմից կատարվել են Ընտրական օրենսգրքի և նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտումներ, որոնք ակնհայտորեն կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Ուստի, Ձեզ եմ դիմում 2012թ. դեկտեմբերի 2-ի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Ռոբերտ Գուրգենի Սարգսյանի թեկնածության գրանցումը ներքոնշյալ հիմնավորումներով դատական կարգով վիճարկելու և ուժը կորցրած ճանաչելու համար:

Դիմող` Ստյոպա Սերյոժայի Սաֆարյան, 27 նոյեմբերի 2012թ.