Բնապահպանության նախարարությունը պատասխանել է բնապահպաններին

ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ «Խոսրովի արգելոցի» տնօրենի թափուր տեղի համար հայտարարված և անցկացված մրցույթը չեղյալ հայտարարելու՝ բնապահպանների պահանջները որակելով «նախարարության ներքին գործերին միջամտելու անհաջող փորձ» և տեղեկացնելով, որ այս խնդրի մասին հայտարարություն կտարածի հետագայում:

«Էլեկտրոնային լրատվամիջոցներում «Վայրի Բնության Հիմնադրամի» տնօրեն Կարեն Մանվելյանի և «Կովկասի Բնության Ֆոնդի» ներկայացուցիչներ Արման Վերմիշյանի կողմից տարածվել է հաղորդագրություն «Խոսրովի արգելոցի» տնօրենի ընտրության արդյունքների վերաբերյալ:

Հաղորդագրության մեջ ասվում է, թե հիմնադրամները բավարարված չեն մրցույթի արդյունքով և դադարեցնում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար նախատեսված ֆինանսավորումները: Նրանք միաժամանակ դիմում կամ պահանջում են նախարարից չեղյալ հայտարարել կայացած մրցույթի արդյունքը և հայտարարել նոր մրցույթ:

Նախարարությունը կատարվածը գնահատում է որպես նրանց կողմից իրենց վերապահված իրավասությունների գերազանցում և հիշեցնում է նրանց, որ նրանք ընդամենն այդ կազմակերպությունների գործակալներ են, նրանց կողմից վարձված վարձու աշխատողներ, և օժտված չեն այդ կազմակերպությունների և նախարարության միջև հարաբերություններ վերանայելու իրավասությամբ:

Առաջիկայում նախարարությունը, անկախ մրցույթի հետ կապված հետագա զարգացումներից, հանդես կգա համապատասխան գնահատականներով` կատարված հայտարարությունը գնահատելով նաև որպես նախարարության ներքին գործերին միջամտելու անհաջող փորձ»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել