Երիտասարդական մեր քաղաքականությունը պիտի ներդրվի նաև ԼՂՀ-ում. ՀՀ փոխնախարար

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանն ընդունել է ԼՂՀ երիտասարդական պատվիրակությանը՝ կազմված Արցախի պետական կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներից. տեղեկանում ենք ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության պաշտոնական կայքից:

Հանդիպումը կայացել է նախարարության կողմից իրականացվող «Մեթոդական ուսուցողական աջակցություն ԼՂՀ պետական երիտասարդական քաղաքականությանը և հասարակական կազմակերպություններին» ծրագրի շրջանակներում:

Նախարարի տեղակալը հյուրերին է ներկայացրել Հայաստանում պետական երիտասարդական քաղաքականությունը, պատմել վերջին 3 տարիներին իրականացված մի քանի ծրագրերի մասին, որոնք կազմում են այսօրվա քաղաքականության հիմնաքարերը: Նա խոսել է նաև Երիտասարդության ազգային զեկույցի, 2013 թ-ի առաջնահերթությունների մասին` կարևորելով հատկապես հասարակական սեկտորի հետ համագործակցությունը: «Այդ պրակտիկան, պետք է ներդրվի նաև ԼՂՀ-ում»,- նշել է Ա. Քարամյանը:

Հյուրերն անդրադարձել են իրենց հետաքրքրող երկու խնդիրների, նախ իրականացնել ԼՂՀ երիտասարդության վերաբերյալ համապարփակ ուսումնասիրություն, և երկրորդ՝ զարգացնել ոչ ֆորմալ կրթությունը: «Երկու դեպքում էլ մեզ պետք են այստեղի մասնագետների աջակցությունն ու խորհրդատվությունը՝ տեղում մեր թիմերը ձևավորելու համար»,- ասել է ԼՂՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակից Արմինե Հայրապետյանը:

Արցախի պատվիրակությունը Երևանում կլինի մինչեւ նոյեմբերի 30-ը: Այստեղ նրանք  կծանոթանան նախարարության կողմից իրականացված ծրագրերին, կլինեն  ՀՀ Գեղարքունիքի և Լոռու մարզերում, կմասնակցեն «Գավառ TV» հեռուստաընկերության կազմակերպած կլոր սեղանին: