Բոլոր ոլորտների որոշումները պիտի անցնեն ժողովրդագրական փորձաքննություն. ժողովրդագիր

Մեր ժողովրդագրությունն այն վիճակում է, որ բոլոր ոլորտների որոշումները կայացնելիս պետք է նախ անցկացնեն փորձաքննություն, թե ինչ ազդեցություն են դրանք ունենալու ամուսնությունների գրանցման, ծնելիության և միգրացիայի վրա. «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» ծրագրի շրջանակում նշեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

«Մենք հիմա ավելի շատ որակյալ աշխատուժ արտահանող երկիր ենք դարձել»,- ասաց նա՝ իրավիճակը բնութագրելով «ծայրահեղ»: Վերջին տարիների ծնելիության աճը, ըստ նրա, պայմանավորված է այն բնական հանգամանքով, որ անկախության առաջին տարիների՝ «մեծ չափով ծնելիության աճի տարիների սերունդը» հիմա հասել է երեխաներ ունենալու տարիքին: «Սակայն նրանք էլ մեկ կամ երկու երեխա են ունենում միայն ու աշխատում են ձեռքերը ոտքերը ազատ պահել՝ հեռանալու պատրաստ վիճակում»,- նշեց նա:

Ժողովրդագրի խոսքով՝ արտերկրում կազմակերպված միգրացիա իրականացնողները հայ որակյալ աշխատողների համար դրսում բավական գրավիչ պայմաններ են ստեղծում, սակայն միգրացիայի մի զգալի մասը կատարվում է ոչ թե կազմակերպված, այլ՝ տարերային ձևով: «Մոտավոր տվյալներով՝ մոտ 5000 մարդ ԱՄՆ է գնացել «Գրին քարտ»-ի ծրագրով, մոտ 4000-ն էլ՝ Ռուսաստան «Հայրենակիցներ» ծրագրով: Սրանք են ծրագրերի տվյալները»,- ասաց նա: Ժողովրդագիրների հարցումները, ըստ նրա, ցույց են տվել, որ շատերը կցանկանային գնալ արևմուտք, սակայն հանգամանքները ստիպում են գնալ Ռուսաստան:

«Տվող երկրից» ընդունող երկիր դառնալու համար համակարգային փոփոխություններ են պետք: «Միակ խնդիրը, որ այսօր կարող ենք լուծել, դա այսօր այս տարերային գնացողներին ուղղորդելն է, որ գոնե նրանք կենտրոնացած լինեն ժամանակավոր մնալու՝ աշխատելու և վերադառնալու վրա»,- նշեց նա: